«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան, հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Հակոբյանը նշել է՝ իրենք կասկածում են ընտրության արդյունքների հավաստիությանը և պատրաստվում են դիմել ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առիթով:
Ավելի վաղ էլ, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:
Դաշինքի ձևակերպմամբ՝ քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: