Եթե լսվում է կոտրվող ափսեի ձայն, մի՛ մտածեք, թե երեխաներն են չարաճճիություն անում, գուցե մեծե՞րն են:
Եռոտանու վրա կրկին ափսե է կոտրվում, դա նշանակում է, որ ազդարարվում է նոր ֆիլմի նկարահանումների մեկնարկը: «Երեք օր»՝ այսպես է կոչվում ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի դեբյուտային կարճամետրաժ խաղարկային ֆիլմը:
Ռուս անվանի գրող Օսիպ Մանդելշտամը տեսավ Հայաստանն ու դուրս եկավ ստեղծագործական ճգնաժամից, սկսեց կրկին գրել՝ նաև հենց Հայաստանի մասին: Մանդելշտամը եղավ հայկական ամենատարբեր բնակավայրերում, ծանոթացավ մշակույթին, շփվեց սովորական մարդկանց հետ և հասկացավ, որ այստեղ անգամ ամպերն են ծառայում՝ Արարատին:
Ֆիլմում ռուս գրողի կերպարը երկու դերակատար է մարմնավորում։ Աղջիկն ու տղան անցնում են այն նույն ճանապարհը, որը ժամանակին անցել է Մանդելշտամը: Սառան նպատակ ունենալով բացահայտել Հայաստանը՝ նախաձեռնում է եռօրյա ուղևորություն: Այդ երեք օրը ճակատագրական է դառնում ոչ միայն Սառայի, այլև նրան ուղեկցող տաքսու վարորդ Գոռի համար։ Հանգուցալուծման մասին ռեժիսորը խոսել չի ցանկանում. մեկ ռեմարկ միայն՝ վարորդն ու Սառան չեն սիրահարվում:
Անի Ոսկանյանը ֆիլմի վրա աշխատում է մի քանի տարի, սակայն ի տարբերություն ստեղծագործական խմբի մյուս անդամների՝ նրա աշխատանքը շարունակվելու է նաև ֆիլմի նկարահանումների ավարտից հետո։ Առջևում դեռ միջազգային տարբեր փառատոներ են։
Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 21 մլն դրամ, որից 7 մլն 500 հազարը տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան