Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մեծ կոմպոզիտորի քարոզչության շրջանակում սկսել է նոր նախաձեռնություն: Մինչև տարեվերջ տարբեր վիքինախագծերով թանգարանը կհրապարակի Խաչատրյանի լավագույն գործերից 3 սիմֆոնիայի, 3 բալետի և 3 կոնցերտի մասին հոդվածաշար, որում կներկայացվեն նորահայտ փաստեր, կոմպոզիտորի մասին հետաքրքրաշարժ տեղեկություններ և այդ գործերի ստեղծման պատմությունը:
Այս նախագծով հանրահռչակումից բացի թանգարանը փորձում է հերքել Խաչատրյանի շուրջ պտտվող միֆերն ու լեգենդները, ինչպես օրինակ՝ Դալիի և կոմպոզիտորի հանդիպման սկանդալային պատմությունը:
Առաջինն այս շարքում «Դիմակահանդես» սյուիտի 80-ամյակի նշանավորումն է: Խաչատրյանի գլուխգործոցն առաջին անգամ հնչել է ճիշտ 80 տարի առաջ՝ 1941-ի հունիսի 21-ին՝ Վախթանգովի թատրոնում, որտեղ հռչակավոր Ռուբեն Սիմոնովը Լերմոնտովի մահվան 100-ամյակի կապակցությամբ բեմադրում էր «Դիմակահանդեսը» և երաժշտությունը վստահում է երիտասարդ Խաչատրյանին:
«Դիմակահանդեսի» պրեմիերայի հաջորդ օրն սկսված հայրենական պատերազմի ընթացքում այս գործը, բնականաբար, այլևս չհնչեց, և միայն 1944-ին Խաչատրյանն ամբողջ ստեղծագործությունից առանձնացրեց հինգ հատված՝ ինքնուրույն կյանք տալով «Դիմակահանդես» սյուիտին:
8 տասնամյակ շարունակ «Դիմակահանդես» սյուիտը նվաճել, հիացրել և այսօր էլ շարունակում է հիացնել աշխարհի ամենահեղինակավոր համեգասրահները, իսկ խաչատրյանական հռչակավոր «Վալսը» ճանաչվել է տասը լավագույն, ամենաշատ հնչող վալսերից մեկն ամբողջ աշխարհում:
Երբ 1978-ի մայիսի 1-ին Մոսկվայում վերջին հրաժեշտն էին տալիս Խաչատրյանին, ամբողջ այդ ընթացքում հնչում էր Դիմակահանդեսի վալսը ՝ տիեզերական այդ հնչյուններով հիշեցնելով, թե ինչ երաժշտական հանճար է կորցրել աշխարհը: