«Ականատես» դիտորդական առաքելությունը հանրապետության 300 ընտրատեղամասում ականատես է եղել ընտրությունների ընթացքին: 580 դիտորդ տեղամասերի բացումից փակում, քվեների հաշվարկում ու ստուգում՝ հետևել են, արձանագրել՝ ընդհանուր առմամբ կոպիտ խախտումներ չեն եղել, սակայն որոշակի լարվածություն, ամեն դեպքում, նկատվել է:
Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն) - Նման էր 2017-ի ընտրություններին, օդում զգացվում էր այդ շունչը, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ, որը, կարծում եմ՝ ամբողջ հանրապետությունում է եղել:
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ընտրության օրը բանավոր երեք հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ կապված ընտրողներին վերահսկելու, ուղղորդելու հետ: Գենյա Պետրոսյանի գնահատմամբ՝ դրանք արարքներ են, որոնք, ըստ դիտորդական մարմնի, քրեական հանցակազմ են պարունակում:
Գենյա Պետրոսյան (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն) - Դիտորդի իրավունքն է խախտվել, թույլ չեն տվել լուսանկարել, ունեցել ենք դեպք՝ անուղղակի ճնշում հանձնաժողովի անդամի կողմից դիտորդի նկատմամբ, նաև եղել են, որ դիտորդի գնահատականը չի գրանցվել հանձնաժողովի գրանցամատյանում: Դրանք «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ», «Բարգավաճ» և ՔՊ: Ունենք Զարթոնքից, որ թեկնածուն էր տարածքում:
Մեքենաներով տեղափոխում, ցուցակներով վերահսկողություն, հայտարարվող քվեարկություն՝ սրանք էլ առանձնացրել է Լևոն Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյան (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ) - Նշան է տվել, հասկացրել է, որ ինքը այսպես է քվեարկել կամ քվեարկելու է այսպես, ուղեկցումներ դրսից մինչև ներս պատրոնաժի նման, քվեաթերթիկները պատռելու դեպքեր և այլն:
Որքանո՛վ են ազդել արձանագրված խախտումներն ընտրության վերջնարդյունքի վրա, Բարսեղյանի գնահատմամբ՝ առաջին և երկրորդ տեղը գրաված ուժերի համար որակական չեն եղել, մյուս դեպքերում՝ հնարավոր է՝ ազդել են, սակայն նման պնդման համար դեռ հետազոտություն արված չէ: