ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը ներկայացրել է առաքելության մի քանի անդամի և հայտնել ընտրությունների պատրաստության և ընթացքի մասին ամբողջ խմբի տպավորությունն ու կարծիքը: 96 հոգուց բաղկացած խմբում ներառված են ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ պետությունների հմուտ դիվանագետներ, պատգամավորներ:
Երկարաժամկետ դիտորդները Հայաստան են ժամանել մայիսի 31-ին, հանդիպել են Հայաստանի իշխանության, ոստիկանության, դատախազության, դատարանի ներկայացուցիչների, ԿԸՀ-ի նախագահի, ընտրության մասնակից մի շարք կուսակցությունների և դաշինքների շտաբների, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ:
Ընտրությունների օրը ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներն այցելել են 700 ընտրատեղամաս: Առաքելության ղեկավարը վստահեցրել է, որ քաղաքական գործընթացը սկսվել է հանգիստ՝ համաձայն Հայաստանի օրենսդրության: Դիտորդները միաձայն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ, որում նշված է, որ ընտրություններն անցել են Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, չեն գրանցվել խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա: Ըստ դիտորդների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իշխանության աջակցությամբ, անցկացրել էր շատ կազմակերպված, օրենքի շրջանակներում ընտրություններ՝ բոլոր քաղաքացիներին տալով կամարտահայտման հնարավորություն:
«Փաստը, որ ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական կուսակցություն ու դաշինք, խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացուն տրված էր ընտրելու մեծ հնարավորություն»,-նշել է Իլհոմ Նեմատովը: