ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ այսօր Վեհաժողովում կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:
«Հարցադրումս հստակ էր՝ քանի որ Ադրբեջանը չի հասկանում հայտարարությունների, հորդորների, միջազգային կառույցների ընդունած բանաձևերի լեզուն, այդ երկրի հետ պետք է խոսել հստակ պատժամիջոցներով:
Եվրոպայի խորհրդին առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչպես նաև դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արգելանք դնելու Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշիվների վրա:
Բնականաբար, ելույթիս արձագանքեց ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիևը, ով, ժանրի կանոններին համաձայն, հերթական անգամ ինձ մեղադրեց ահաբեկիչ և դիվերսանտ լինելու մեջ, ով կոչ է արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը:
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, շարունակում է հայ ռազմագերիների վերադարձը պայմանավորել բազմաթիվ նախապայմաններով, ինչն անընդունելի է:
Միայն կոնկրետ պատժամիջոցները այդ երկրի հանդեպ կարող են փոխել իրավիճակը»,- իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը: