Խորհրդարանի ընտրությանը հետևող ԱՊՀ դիտորդներն ամփոփել են ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ համատեղ արդյունքները: Դա արտահայտվել է ամփոփիչ փաստաթղթով, ներկայացվել ասուլիսի ընթացքում:
Իլհոմ Նեմատով (ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար) - Ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և լարվածության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրության արդյունքի վրա: Գործընթացը տեղի է ունեցել բարձր կազմակերպական մակարդակով: Ընտրություններն անցել են ժողովրդավարական բոլոր չափորոշիչներին համապատասխան:
ԱՊՀ առաքելությունը Հայաստանում է եղել մայիսի 31-ից, այցելել ընտրատեղամասեր: Նեմատովը եղել է մի քանի քաղաքում, այդ թվում՝ Սևանում և Վանաձորում:
Իլհոմ Նեմատով - Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և համաձայն Հայաստանի օրենքների:
Պավել Անդրեև (ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ) - Այն մտավախությունը, որ քաղաքական պայքարը կարտացոլվի ընտրատեղամասերում, չիրականացավ:
ԱՊՀ առաքելության ղեկավարն արձանագրում է, որ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները՝ ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար: Որոշ թերացումներ արձանագրվել են, բայց դիտորդները կարծում են, որ դրանք տեխնիկական էին, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի անջատումները:
Իլհոմ Նեմատով - Գիտե՞ք՝ հայկական շատ լավ ասացվածք կա` լուսինն էլ անթերի չի լինում: Սակայն դրանք չէին կրում համակարգային բնույթ և ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, չէին կարող ազդել:
Դիտորդական առաքելության կարևոր արձանագրումն այն է, որ ընտրությանը մասնակցել է 25 քաղաքական ուժ, իսկ դա արդեն ընտրության լայն հնարավորության է տալիս և ապահովում մաքսիմալ արդարություն: Դիտորդների կարծիքով՝ լրատվամիջոցների աշխատանքն էլ անաչառ էր: