Ընտրական գործընթացն ուղեկցվում է մի շարք իրավախախտումներով: Աբովյանի 29/20 ընտրատեղամասում մի կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից: Հանձնաժողովի անդամները նկատել են, վերցրել քվեաթերթիկն ու արձանագրություն կազմել: Ոստիկանությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով՝ տվյալ անձը 12:20-ին բերման է ենթարկվել Կոտայքի բաժին:
Ոստիկանությունն արձագանքել է նաև ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների ահազանգին: Նախնական տվյալով՝ ժամը 09։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնականի և Մարաշի բաժանմունքների օպերատիվ խմբեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են: Առավոտյան կատարված միջադեպի վերաբերյալ քաղաքական ուժը ասուլիս էր հրավիրել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակի ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է դաշինքներից մեկի ցուցակում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և առաջարկել 10.000 դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղյալ համարել իր պարտքը՝ 7500 դրամը, եթե ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին: Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ: Բնակչուհին ձերբակալվել է, նա արդեն տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ընտրակաշառքի ևս մեկ դեպք: Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդիի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն դաշինքներից մեկի օգտին։ Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Քրեական գործ է հարուցվել, տղամարդը ձերբակալվել է։
Արարատի մարզի Մասիսի բաժնում էլ Հունիսի 18-ին տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ որոշ գյուղացիների 15-ից 20. հազար դրամ ընտրակաշառք են բաժանել՝ դաշինքներից մեկի օգտին ձայներ ապահովելու համար: Փաստի առիթով հարուցված քրեական գործով այդ անձինք բերման են ենթարկվել, մեկը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է:
Եվս մեկ հայտարարություն ոտիկանությունից: Համացանցում տարածված լուրը, թե ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում՝ իրականությանը չի համապատասխանում։ Քրեական գործի շրջանակում ոստիկանները Սիսիանի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան: