Ընտրապայքարի ելած քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուներից առաջինը առավոտ շուտ «Զարթոնքի» ղեկավարն է քվեարկության գնացել։ Ուզում է, որ երկրում ազգային իշխանություն ձևավորվի՝ հայտարարել է Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյան («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակի 1-ին համար) - Ակնկալում ենք, որ այս ընտրություններով ժողովուրդը կմերժի ապազգայինը:
Որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք. այս մտքերով է ընտրել՝ «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Սամվել Բաբայանը։ Հիշեցրել է՝ չի մրցում վարչապետի պաշտոնի համար։ Ինքն իրեն տեսնում է երկրի պաշտպանական բնագավառում։ Ընտրողներին ու թեկնածուներին նա կոչ է արել թոթափել լարվածությունը, հետընտրական զարգացումները չի բացառել։
Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Եթե տարբերությունը մեծ լինի առաջին ու երկրորդ տեղերի միջև, բախումներ չեն լինի, բայց եթե դա փոքր լինի, իհարկե, լինելու են:
Հանուն համերաշխության է քվերակել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։ Երեխայի հետ ընտրատեղամաս այցելած Էդմոն Մարուքյանը քաղաքական ուժերի ղեկավարներին հորդորել է վաղվանից երկրում վերականգնել ներքաղաքական հաշտությունը:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում:
Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի է քվեարկել՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը. լրագրողների հարցին նա հարցով է պատասխանել. «Կասկածո՞ւմ եք»։ Հայաստանի երկրորդ նախագահն անդրադարձել է նաև հետընտրական զարգացումներին։
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի ցուցակի 1-ին համար) - Հետընտրական ինչպիսի զարգացումներ եք կանխատեսում. ժամանակից առաջ չընկնենք. կերևա:
Եթե իրենց ձայները չբավարարեն խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունենալու և ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար, կքննարկեն՝ ո՞ր ուժի հետ համագործակցել՝ հայտարարել է՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը։ Նա հույս է հայտնել, որ քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը կլինի օրենքի տառին համապատասխան։
Տիգրան Ուրիխանյան («Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Նախազգուշացումներ ենք ուղարկել օրվա սկզբից, որ խստագույնս կպատժվեն նրանք, որ կխախտեն օրենքը և կարգը: Հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին և պատասխանատուներին:
Անվտանգ, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար է քվեարկել քաղաքական ուժի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Բացառել է կոալիցիա կազմելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ անգամ եթե դա վճռորոշ լինի ՔՊ-ի համար։
Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար) - Խաչատուր Սուքիասյանը կարող է համոզել: Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել։ Տարան, ձերբակալեցին էլ, չկարողացան ազդեն: Դատարկ խոսակցություններ են:
Ընտրատեղամասի բակում հավաքված մարդիկ՝ ծափերով դիմավորել, ծափերով էլ ճանապարհել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանին։ Նա քվեարկության է գնացել ընտանիքի՝ կնոջ և երեխաների հետ։ Լրագրողներին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց չի տվել։ Մի քանի երեխա միայն մոտեցել-սելֆի են արել։
Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է Երևանի 9/19 տեղամասում։ Քվեարկության նա գնացել է միայնակ, առանց ընտանիքի անդամների ուղեկցության։ Որոշիչ իր ընտրությունը կատարելուց հետո ՀԱԿ ղեկավարը հրաժարվել է շփվել տարածքում սպասող լրագրողների հետ։ Այսօր նույնպես լռության օր է՝ ասել է:
«Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու»՝ այս համոզմամբ է ընտրություն կատարել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Նա անդրադարձել է խախտումների մասին ստացած բազմաթիվ ահազանգերին։ Հետընտրական զարգացումների պատասխանատվությունն, ասել է, ընդդիմությանը չէ։
Արթուր Վանեցյան («Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համար) - Կարծում եմ՝ որևէ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն:
Այս ընտրություններում խիղճը շատ մեծ դեր է խաղալու՝ ասել է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը։ Ուզում է այնպիսի Հայաստան տեսնել, որտեղ մարդիկ կընտրեն ոչ թե այս կամ այն թեկնածուի դեմ, այլ՝ սիրով ու հավատով հանուն բոլորի երազած ու կյանքի գնով պահած երկրի։
Կարին Տոնոյան (5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության 1-ին համար) - էլի Հայաստանի ապագա չի ընտրվում: Ոչ այն ապագան, որի մասին խոսում են թեկնածուները կամ գործող իշխանությունը, այլ այն ապագան, որ ամեն հայ է երազում, որ իր երեխաների համար կկերտի այն հայրենիքը, որտեղ կվերադառնան, որտեղից չեն փախչի:
Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի ու վերջին պատերազմում զոհված հազարավոր տղաների երազած Հայաստանի համար է քվեարկել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակի առաջին համար Վահե Գասպարյանը: Նա բացառել է նախկին կամ ներկա իշխանության հետ կոալիցիա կազմելը։
Վահե Գասպարյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 1-ին համար) - Մենք բազմիցս նշել ենք, որ ճգնաժամային իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելը միայն կխորացնի կրքերը և սրացումների պատճառ կհանդիսանա, ինչը որ, կարծես թե, մենք սկսում ենք արդեն նկատել:
Այս ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ կարծում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նա ընտրողներին զսպվածության, հավասարակշռվածություն կոչ է արել՝ չազդելու ընտրության արդյունքի ու ելքի վրա։
Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն զարգացած, բարեկեցիկ պետության, հանուն վերականգնվող երկրի:
Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի 1-ին համար Տիգրան Խզմալյանը ընտրության է գնացել նախօրեի ապաքաղաքական առօրյայից հետո․ Հացավան գյուղի իրենց այգում թոռնիկների հետ բալ ու կեռաս է հավաքել՝ պատմել է լրագրողներին։ Ինչպես է գնահատում իրենց քաղաքական ուժի հնարավորությունները հարցին պատասխանել է.
Տիգրան Խզմալյան (Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի 1-ին համար) - Մենք առաջին անգամ Հայոց եռագույնի կողքին բարձրացրինք եվրոպական դրոշը. եթե մեր քաղաքացիներն ուզում են՝ կընտրեն մեզ: