Մայրիկին մանկապարտեզ՝ ընտրության բերած Լուսին ու Գայանեն են։ Որ Ժուռնալիստների միության շենքի փոխարեն այս տարի 9/46-րդ ընտրատեղամասը նորոգվող նախակրթարանն է, ի տարբերություն փոքրիկների ընտանիքի, տարածքի բնակչության մեծ մասը երկար փնտրելուց, իրար հարցնելուց հետո էր ճշտել։
Գառնիկ Մխչյան (ընտրող) - Ես էնտեղից եմ գալիս, իմ տարածքն էնդեղ է, էս է՝ Սախարովի 11, դե արի գնա, ման արի, դժվար գտանք շատ:
Գուցե դժվար են գտնում ընտրատեղամասը, բայց քվեարկության մարդիկ գալիս են հստակ կողմնորոշված՝ նկատում են հանձնաժողովի անդամները։ Լինում են նույնիսկ դեպքեր, երբ ուզում են վերցնել ոչ թե բոլոր քաղաքական ուժերի, այլ միայն իրենց նախընտրածի քվեաթերթիկը։
Էլեն Քամալյան (ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ) - Լինում է, որ ասում են՝ մի համար է ինձ պետք, ես ասում եմ՝ չէ, բոլորը պետք է վերցնեք:
Տեղամասում ամեն ինչ խաղաղ էր, մինչև քվեախցից դուրս եկած տատիկը ահազանգեց, որ կտրոնը կորցրել է:
Հանձնաժողովականներն արագ անցան գործի․ որտե՞ղ կարող էր կորչել ընտրողի կտրոնը: Փորձեցին փնտրել նաև չօգտագործվածների արկղում։
Կտրոնն այդպես էլ չգտնվեց։ Օրենքը նման դեպքում ի՞նչ լուծում է առաջարկում՝ տվյալ տեղամասի ղեկավարը հատուկ ճշտեց ընտրական գործընթացների վերադաս կառույցներից։ Պարզվեց՝ տատիկի ծրարը չեն կարող թույլ տալ քվեատուփ մտնի։
Գևորգ Ենգիբարյան (9/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ) - Ըստ օրենքի՝ կորցրած կտրոնը մենք չենք կարող նորից տալ, քանի որ կլինի կրկնություն:
Տատիկը մի քիչ սպասեց՝ իր ձայնը նախընտրելի թեկնածուի օգտին գրանցելու համար։ Բայց առանց կտրոնի քվեարկել չի կարելի, ուրեմն չի կարելի՝ ասացին։
Այս տեղամասը 1616 ընտրող ունի։