Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռ 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա խոսեց ընտրակաշառքի մեղադրանքով «Պատիվ ունեմ» դաշինքի տարբեր ներկայացուցիչների ձերբակալությանը: «Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լցված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն: Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք, ի միջի այլոց, դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ առավոտից հետևում են իրադարձություններին, հնարավոր է՝ օրվա ընթացքում միջանկյալ հայտարարություն անեն, իսկ հիմնական հայտարարությունը կլինի քվեարկության ավարտից անմիջապես հետո:
Խոսելով ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորության մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: «Ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսենք: Հիմա վաղ է խոսել»,- նշեց նա: