ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը ԿԸՀ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ, ստացված ահազանգերը, հաղորդումները և դրանցով իրականացված աշխատանքները:
«Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից 123-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 91-ը անձանց կողմից տրված հաղորդումներ են, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ են, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ են»,- ասաց Արսենյանը:
Արսենյանը տեղեկացրեց, որ ստացված հաղորդումներից ու ահազանգերից 155-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն, ստանալուն և ընտրակաշառքի միջնորդությանը:
«Ընդհանուր 338 հաղորդումներից 126-ը ուղարկվել են հետաքննության և նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Իմ կողմից նշված հաղորդումների քննարկման արդյունքում իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 26 քրեական գործ»,- հայտնեց Արսենյանը:
Արսենյանը տեղեկացրեց նաև, որ նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնքից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին՝ ընտրակաշառք տալու և տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցությունը խոչընդոտելու համար:
Այս քրեական գործերով 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, 6 անձ կալանավորվել է, 6 անձ՝ ձերբակալվել: