Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կրակել են «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի վրա: Հրավիրված ասուլիսի ընթացքում Բաբաջանյանը պատմեց տեղի ունեցածի մանրամասները:
«Այս միջադեպը, հարևանների նկարագրմամբ, տեղի է ունեցել առավոտյան 09.00-ի կողմերը: Ես ձայնը չեմ լսել: Դա այն ժամն է, երբ ես պետք է մեքենայով տեղափոխվեի շտաբ, ըստ ամենայնի՝ նրանք հաշվարկել են, որ պետք է մեքենայում լինեի կամ շարժվելիս լինեի դեպի շտաբ: Գիշերը 02.00-ին մեքենան կայանել եմ տան մոտ: Կրակոցը հայտնաբերել ենք մոտ 10:30-ին»,- ասաց Բաբաջանյանը:
Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես կապվել է ոստիկանապետի հետ:
«Կա ձայնագրություն: Հարևանի տեսախցիկով հնարավոր է եղել հանցագործի ընդհանուր պատկերը դուրս բերել: Ես տեսա տեսագրությունը, նա դիմակավորված էր, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահի դետալները չկան, բայց հայտնաբերվել է պարկուճը դիմապակու վրա»,- ասաց Բաբաջանյանը: