Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց տեղեկություններ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը կաշխատի շուրջօրյա գրաֆիկով: Կազմակերպվելու են բազմաթիվ հանդիպումներ: 3 ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը:
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: 500 քաղաքացի էլեկտրոնային եղանակով՝ քվեարկության միջոցով, հունիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Արդյունքները կամփոփվեն այսօր՝ ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո:
Արտահերթ ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: Նրանց ընտրական ցուցակներում միասին ընդգրկված է 2510 թեկնածու:
Կազմավորվել է 2008 ընտրատեղամաս, որոնցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում և կբացվեն ավելի ուշ: 1996 տեղամասային կենտրոնները բացվել են սահմանված կարգով և ժամկետներում, առաջին ընտրողները կատարել են իրենց քվեարկությունը:
Առավոտյան ԿԸՀ կազմերում ընդգրկված 16064 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել 114 տեղամասերում: Այսինքն՝ յուրաքանչյուր տեղամասում եղել են եզակի թվով բացակայություններ: Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացած չլինի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից 5-ում բացակայել է տեղամասի քարտուղարը:
Տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, հատկացված է 4006 սարքավորում: Ժամը 8:00-ի դրությամբ բոլորը գործարկվել են, առկա է եղել մեկ մասնագետի հետ կապված խնդիր: Առավոտյան նա փոխարինվել է: Խափանման որևէ դեպք, ըստ էության, առկա չի եղել զրոյական կտրոնները տպելու հետ կապված:
Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 483 միջազգային դիտորդներ և 8749 տեղական դիտորդներ՝ 19 տեղական հասարակական կազմակերպություններից: 61 օտարերկրյա քաղաքացի այցելուի կարգավիճակով կհետևի քվեարկության ընթացքին: Հավատարմագրվել է 68 ԶԼՄ-ների 745 ներկայացուցիչ և 79 օտարերկրյա ԶԼՄ-ների մոտ 135 ներկայացուցիչ: Տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ»,- ասաց Մուկուչյանը: