Գյումրու Գծի հետև կոչվող թաղամասում՝ 27-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ներսում և դրսում մեր նկարահանումների պահին վիճակը հանգիստ էր։ Կուտակումներ չկային, արձանագրված ընտրախախտումներ՝ ևս։ Ընտրություններն ըստ հանձնաժողովի նախագահի՝ նման են 2018-ի ընտրություններին։
Արցախ թաղամասում տեղակայված 5-րդ դպրոցի տեղամասում ևս ոստիկանները, հանձնաժաղովականները, վստահված անձինք և դիտորդները մինչև օրվա կես խախտումներ չէին արձանագրել։
Ավագյան Լիլիթ (31/48 ընտրատեղամասի նախագահ) - Բնակիչները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, երեք ժամ չէր անցել, ունեինք մոտավոր 200 անձ, այժմյան տվյալներով 400 անձ ունենք։
Սլաբոդկա կոչվող թաղամասում՝ Առաջին վարժարանում, դարձյալ խախտումներ չէին արձանագրվել, բողոքողներ չեղան։ Ընտրատեղամասի դիմաց մեքենաների ու մարդկանց կուտակումներ չարձանագրեց մեր տեսախցիկը, ոստիկանները բանավոր փոխանցեցին, որ գոհ են ընտրություններից։
Ահազանգը նույն թաղամասի վեցերորդ դպրոցից էր։ Ըստ ստացված տեղեկության՝ ընտրողներին ուղղորդելու դեպքեր են եղել Գյումրու նախկին քաղաքապետ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի շրջապատի ու մտերիմների կողմից։ Ընտրատեղամասում, սակայն, հերքեցին:
Ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղարը ներկա չէր, պարզվեց՝ ինքնազգազոցությունն է վատացել. նա զոհվածի ծնող է: Բացատրեցին, ասացին, որ շտապօգնություն են հրավիրել, տեղյակ են պահել ԿԸՀ-ին։
Հաջորդ ահազանգը Շիրակի մարզի Հայրենյանց համայնքից էր։ Ըստ ահազանգի գյուղում ինչ-որ մարդիկ ձայնի առևտրով են զբաղված։
Փող բաժանելու մասին տեղեկությունները հերքեցին դիտորդի, վստահված անձանց և հանձնաժողովականների մակարդակով։
Ընտրատեղամասի մոտ մի պահ աշխուժություն էր, ովքեր են հավաքված քաղաքացիները հարցին, պատասխանեցին, որ գյուղից են, պարզապես այստեղ հանգստանում են, մեկը հորդորեց իրեն նկարել:
Ոստիկանության տեսուչն էլ ասաց՝ դրսում է եղել, կասկածելի ոչինչ չի նկատել։ Գյուղապետարանը բաց էր, գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանն այսօր աշխատում էր։ Զայրացավ հատկապես լսելով, որ կաշառատվության լուրերն իր անվան հետ էլ են կապում: