Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Լրատվականներն ընդգծում են, որ ընտրությունները տեղի են ունենում Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ ընդգծելով նաև դրանց մրցակցային բնույթը: Հրապարակումները հիմնականում կրում են տեղեկատվական բնույթ՝ ներկայացնելով ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերին, ընտրությունների և խորհրդարանի ձևավորման կարգը, ինչպես նաև քվեարկության արդյունքների կանխատեսումները:
Aljazeera-ն նշում է, որ ընտրությունների արդյունքը դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով ընտրողների շրջանում նկատվող որոշակի անտարբերությունը: Գործակալության՝ Երևանում գտնվող թղթակիցը՝ Ռորի Չալենդսը, ընդգծում է, որ մարդիկ հույս ունեն, որ այս ընտրությունները, որոնք երկու տարի ավելի վաղ են անցկացվում, հաղթողին կտան զգալի լեգիտիմություն և հինգ տարի ժամանակ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:
Հայաստանում արտահերթ ընտրությունները որպես «Հայրենիքը փրկելու հատուկ գործողություն» է բնորոշում գերմանական Deutsche Welle-ն: Հրապարակման հեղինակը կարծիք է հայտնում, որ Հայաստանում, հավանաբար, երբեք նման թեժ նախընտրական քարոզչություն չի եղել: Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 25 քաղաքական կուսակցություն և դաշինք:
Voice of America-ն, անդրադառնալով արտահերթ ընտրություններին, ընդգծում է, որ Կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի հաղթահարի Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Միևնույն ժամանակ, լրատվականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն ու Թուրքիան բավական ուշադիր հետևում են հայաստանյան ընտրությունների ընթացքին:
BBC-ի ռուսական ծառայությունն էլ արձանագրել է, որ ընտրողների մասնակցությունը գերազանցում է բոլոր կանխատեսումները: Գործակալության թղթակիցը զարմանքով արձանագրում է, որ թեև նախընտրական քարոզչության շրջանում նկատելի էր որոշակի անտարբերություն, և շատերը հայտարարում էին, որ ընտրություններն իրենց համար կարևոր չեն, քվեարկության օրը տրամադրությունները զգալիորեն տարբերվում են: