Առավոտյան 9.20-ին Մասիսի տարածաշրջանի Ազատաշեն գյուղի 11/11 ընտրական տեղամասում միջադեպ է արձանագրվել: Տեղամաս մտած քաղաքացին, որը ներկայացել է «Վերելք» կուսակցությունից որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու և վստահված անձ ու, բացի բեյջից, անձը հաստատող այլ փաստաթուղթ չի ներկայացրել, պահանջել է տեսախցիկների բացակայությունն արձանագրել որպես ընտրախախտում:
Գուրգեն Խաչատրյան (11/11 ընտրական տեղամասի նախագահ) - Տեսախցիկ չունեինք, ասում էր՝ արձանագրեք, ասեցի՝ այո, ինքը մի կողմից մեր հետ էր խոսում, աչքը՝ էն կողմ էր:
Միջադեպ հրահրելու պատճառ է դարձել տարեց մի ընտրող, որը քվեարկությունից հետո փորձել է հետ գնալ քվեախցիկ ու վերցնել այնտեղ մոռացած կտրոնը: Տղամարդը զայրացել է, հայտարարել, որ ընտրությունն ուղղորդվում է, որից հետո սկսվել են վիճաբանությունն ու քաշքշուկը:
Արտաշես Մանուկյան («Հայաստան» դաշինքի վստահված անձ) - Մի կին մոռացել էր կտրոնը քվեախցում, գնաց, որ վերցնի, բղավեց, թե՝ ուղղորդում եք, հետո դրսում կրակոցներ են եղել, մենք չենք լսել:
Գուրգեն Խաչատրյան - Ծրար կամ այլ բան են մոռանում, այդտեղ ոչ մի օրենքի խախտում չկա: Ինքը բորբոքվեց, հրահրեց, որ կռիվ լինի:
Ընտրությունների ընթացքը չխաթարելու համար տղամարդուն և նրան ուղեկցող ևս երկուսին դժվարությամբ դուրս են բերել տեղամասից: Քիչ անց դրսից կրակոցի ձայներ են լսվել: Թոռան հետ ընտրության եկած տղամարդը վրդովված է. կրակոցների ձայնից 4 տարեկան թոռը վախեցել է:
Խաչիկ Կարապետյան (Ազատաշեն գյուղի բնակիչ) - Բա որ էդ երեխային մի բան լինի, կրակում էր ժողովրդի վրա, երեք հատը կրակեց, մի քանիսն էլ՝ ավտոյի մեջից: Վիրավորներ չկան, բրթեցինք, տաքսիստ էր, ինչ էր, վերցրեց-տարավ:
Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ կրակոցը եղել է գազային ատրճանակից: Ատրճանակը վերցրել են, դեպքի հանգամանքները պարզվում են: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության քրեագետները: