«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը հետևում է մոտ 700 դիտորդով:
Առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ քվեարկությունը սկսվել է որոշակի լարվածությամբ: Նրա խոսքով՝ ի տարբերություն 2018 թ. ընտրության, այս անգամ առավոտյան ժամը 8-ին, հիմնականում Երևանի որոշ ընտրատեղամասերում նկատվել են կուտակումներ: Իոաննիսյանը մատնանշել է որոշ ընտրատեղամասերում մեկից ավելի վստահված անձանց առկայությունը և նրանց հագին դաշինքներից մեկի պատկերով վերնաշապիկը, ինչը, ըստ նրա՝ համարվում է քարոզչություն: Դիտորդական առաքելությունն ահազանգեր է ստացել բաց քվեարկության, օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու, հանրահավաքի մասնակցության համար վճարելու մասին: Մի քանի տեղամասում հանձնաժողովի նախագահը պատշաճ չի իմացել ընտրական օրենսդրությունը: Դիտորդները տեղամասերը դիտարկում են նաև այնտեղ տեղադրված տեսախցիկների միջոցով:
«Ավելի քան 200 ընտրական տեղամասերում իրականացնում ենք դիտարկում: 19 ընտրատեղամասերում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3-ական վստահված անձ: 12 ընտրական տեղամասերում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա գրված «24» թիվը, ինչը մենք որակում ենք որպես տեղամասում քարոզչություն «Հայաստան» դաշինքի օգտին: Քաջարանի տարածաշրջանում՝ 35/56 ընտրատեղամասում, «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրական տեղամասում»,- ասաց նա: