ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը, որը կօգնի Հայաստանի առավել տուժած շրջանների՝ հետպատերազմյան վերականգնման գործընթացում՝ տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:
Այս նպատակն իրագործելու համար ՌԴ բյուջեից հատկացվել է 3.2 մլն դոլար: ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն ընդունված որոշման մասին արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին:
Նշվում է, որ Ռուսաստանը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի բազմակողմանի զարգացմանը:
Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (ներառյալ գյուղական և սահմանամերձ բնակավայրերը), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտներում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010-ից արդեն կազմել է մոտ 70 միլիոն դոլար: