Հարևան Իրանը նոր նախագահ ունի: Էբրահիմ Ռայիսին մոտ 18 միլիոն քվե է ստացել՝ ձայների 62 տոկոսից ավելին: Քվեարկությունը տևել է 19 ժամ: Դրան մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49%-ը: Նորընտիր նախագահն արդեն շնորհավորանքներ է ստանում՝ չնայած պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:
Դերենիկ Մելիքյան (Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր) - Կանխատեսելի էր այս արդյունքը:
Ժաննա Վարդանյան (Իրանագետ) - Այս ընտրությունը համարվում էր ամենաոչինտրիգայինը, որովհետև հաղթողն ակնհայտ էր:
Դուրս մղված թեկնածուներից պարզ էր՝ Ռայիսին կհաղթի: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ստացել է ընդամենը 3 միլիոն ձայն:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին 2019 թվականից Իրանի արդարադատության համակարգի ղեկավարն է, 1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո նա արդարադատության համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Ինչ փոփոխություն կբերի այս ընտրությունը: Իրանագետը նախագահի դերի հետագա նվազում չի տեսնում, մեծ հաշվով, քաղաքական կուրսի փոփոխություններ չեն սպասվում:
Իրանի «Ալիք» թերթի գլխավոր խմբագիրը հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման մեծ հեռանկար է տեսնում: Փորձագետներն էլ վստահեցնում են. Թեհրանի համար առաջնային է տարածաշրջանի անվտանգությունը, դա նաև նախընտրական ծրագրերում էր ներառված:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր փաստացի հետնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Էբրահիմ Ռայիսին հանդիպել է նաև խորհրդարանի նախագահի հետ: