Հիվեն Հերվան (փախստական) - Աշխատել, աշխատել, աշխատել, մտածել, թե ինչ կարող ես անել:
Չհուսահատվելու ու աշխատանքով առաջ գնալու ցանկությամբ Հիվենը Աֆրիկայից եկավ Հայաստան: Փախստականի կարգավիճակ ստանալով՝ շուրջ երեք տարի այստեղ պար ու ֆրանսերեն է դասավանդում, մինչև փախստական դառնալը իր երկրում զբաղվել է քաղաքականությամբ:
Հիվեն Հերվան - Ֆանտաստիկ երկիր է, լավ մարդկանցով: Հիմա այն իմ երկրորդ տունն է, և ինձ դուր է գալիս այստեղ ապրելն ու աշխատելը:
Դժվար է ընտանիքը թողնել ու հայտնվել մի երկրում, որտեղ պետք է սկսես 0-ից, բայց պետք ուժեղ լինել: Ասում է Հիվենը:
Հիվեն Հերվան - Փորձել ինտեգրվել, սովորել, չհուսահատվել: Դա դժվար է:
Հիվենի խոսքով՝ ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել գիտելիքի շնորհիվ: Համալսարանում ֆրանսերեն էր սովորել. Այստեղ դարձավ ապրուստի միջոց:
Պատմում է՝ պետությունն աջակցեց, որպեսզի սովորի նաև հայերեն, ճանաչի հայկական մշակույթը ու հեշտ ինտեգրվի: Ուրախ է, որ ինքն էլ այսօր իր երկրի մշակույթն է պարերի միջոցով փորձում ճանաչելի դարձնել հայ աշակերտներին:
Հիվեն Հերվան - Ես այն չեմ սովորել. իմ երկրում երաժշտությունը, սպորտը, պարը երակներով հոսում է:
Բակում գրեթե բոլորն են նրան ճանաչում.
Խորհուրդ է տալիս փախստականներին՝ աշխարհի որ անկյունում էլ լինեն, չկորցնեն ժպիտը ու ավելի լավ ապրելու հույսը:
Փախստական ճանաչվելուց հետո Հիվենը շուրջ մեկ ու կես տարի ապրել է Միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնի սոցիալական տներից մեկում: Ինչպես Հիվենը, այնպես էլ փախստականի կարգավիճակ ստացած շատ այլ անձինք մեր երկրում օգտվում են այդ հնարավորությունից, ապա նրանց առաջարկվում է մեկ այլ ծրագիր՝ բնակարանի վարձակալման: Այս դեպքում պետությունը շուրջ 9 ամիս 60 հազար դրամի չափով փոխհատուցում է տալիս: Կազմակերեպվում են նաև լեզվի ուսուցման, քաղաքացիական կողմնորոշման, ինտեգրմանը խթանող ծրագրեր՝ գործընկերներ կազմակերպությունների ներգրավմամբ: Ադրբեջանից բռնագաղթածների՝ տարիներով չլուծված բնակապահովման խնդիրը ևս ուշադրության կենտրոնում է: Այդ անձանց բնակարանի գնման վկայագրեր է տրամադրվել երկու փուլով՝ 183 ընտանիքի։
Իրինե Հակոբյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ) - Հիմա մենք սկսում ենք երրորդ փուլը, որն ուղղված է Շենգավիթ վարչական շրջանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին, և այնտեղ մենք ունենք շուրջ 160 շահառու: Այսինքն՝ այս պահին արդեն վերցրել ենք դիմումները, սկսվում է ընտրության ու հաստատման գործընթացը:
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար ավելի շատ դիմում են Իրանից, Սիրիայից, վերջերս դիմումներ են ստացվում նաև Կուբայից: 2019-ին փախստականի կարգավիճակ է տրվել 116, 2020-ին՝ 81, 2021-ի առաջին վեց ամիսներին՝ 34 մարդու:
Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհի առաջնորդներին կոչ է անում կրկնապատկել խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված ջանքերը՝ դադարեցնելու բռնության և հետապնդման պատճառով տեղահանման տասնամյակ ձգվող աճի միտումը, սկսել հակառակ գործընթացը: Անահիտ Հայրապետյանը նշում է՝ այս տարվա կարգախոսը համահունչ է այն ամենին, ինչ իրականացնում է պետությունը, ՄԱԿ-ը և համայնքը:
Անահիտ Հայրապետյան (ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու) - Միասին մենք կհաղթահարենք ամեն ինչ: Միասին մենք կապաքինվենք, միասին մենք կսովորենք, և միասին մենք կփայլենք, այսինքն՝ կարևորություն է տրվում ուսմանը, աշխատանքին և սոցիալականացմանը:
Հայրապետյանը նշում է՝ ՄԱԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են փախստականների բարօրությանը:
Անահիտ Հայրապետյան - Ֆիզիկական, մտավոր, կրթական և նաև աշխատունակությունը, պոտենցիալը արձակելու, բացելու և նվիրվելու նոր համայնքին: Մենք հասանք,- շատ մեծ հաճույքով եմ նշում,- այն օրվան, որ արդեն իրենք են վերապատրաստում, իրենց շնորհքը կիսում, միջազգային համբավ ձեռք բերում:
Նշում է՝ Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է՝ գնահատելու նոր համայնքում նոր կյանք սկսելու նրանց կամքը։