ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:
Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և հավաստիացրել, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշներին:
Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիևն ասել է, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաև կարևորել է առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ: