Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնող Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ էր:
Իգոր Կամարովսկիյ (ԱՊՀ դիտորդական խմբի համակարգող) - Ի զարմանս մեզ՝ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը որևէ դժգոհություն չունեն: Բոլոր քաղաքական ուժերը, որոնց մենք հանդիպել ենք, տրամադրված են, որ ընտրությունը կայանա ժողովրդավարության սկզբունքով:
ՀԱՊԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նույնպես արդեն մի քանի օր է՝ Հայաստանում են: Նրանք հանդիպել են ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի հետ և հույս ունեն, որ հունիսի 20-ին ընտրությունը կկայանա արդար ու մրցակցային մթնոլորտում:
Կանիբեկ Իմանալիև (ՀԱՊԿ դիտորդական խմբի համակարգող) - Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս ընտրությանը մասնակցում են Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները: Եթե նրանք բոլորը մտնեն խորհրդարան, ապա Հայաստանը բավականին հզոր Ազգային ժողով կունենա՝ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների տեսանկյունից:
ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները խմբեր կունենան թե՛ Երևանում , թե՛ մարզերում: Նրանք հույս հայտնեցին, որ ընտրությանը մասնակցող ուժերը քաղաքական կամք կունենան՝ կուսակցական հավակնությունները ստորադասելու պետական շահին: