Հայաստանի համար կենսական նշանակության «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ընթանում են ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ: Տրանշ 3-ի ավելի քան 50 կմ-անոց հատվածի երթևեկելի գոտիներից մեկում արդեն տեղադրվել է մոտ 12 կմ երկարությամբ երկշերտ ասֆալբետոնե ծածկ։ Երրորդ՝ վերջին շերտը կտեղադրվի ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ։
Թալին-Լանջիկ 18.7 կմ-անոց և Լանջիկ-Գյումրի 27.5 կմ-անոց հատվածները նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին: Ամբողջովին կահավորվելու և հատվածային լուսավորվելու է:
Որ ամեն ինչ որակով լինի՝ վերահսկվում է ամենօրյա ռեժիմով: Թերությունների դեպքում կապալառուն ստիպված է նորոգել ճանապարհը:
Օրը մինչև 500 մետր, առանց հանգստյան օրերի: Կապալառու ընկերությունը շտապում է: Ուշ են մեկնարկել աշխատանքները: Պատճառը համավարակն է: Ճանապարհի կառուցումը պետք է սկսվեր 2020 թվականին, սակայն սահմանափակումներով պայմանավորված ճանապարհահատվածի կառուցապատող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերությունը աշխատակիցներին Հայաստան տեղափոխելու խնդրի առաջ կանգնեց: Խոստանում են մինչև աշուն ավարտել 50 կիլոմետրանոց հատվածի մի կողմի ասֆալտապատումը և երթևեկությունը տեղափոխել այդ հատված:
«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի ղեկավար Կաո Կուեյհուա - Մենք այժմ կառուցում ենք ճանապարհներ, որոնք ոչնչով չեն տարբերվում Չինաստանի ճանապարհներից և համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Մեր ընկերությունը նման ճանապարհներ կառուցել է 100-ից ավելի երկրներում:
Իրականություն կդառնա՞ արդյոք ավելի քան մեկ տասնամյակ ձգվող Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղին: Պատասխանատուները վստահեցնում են՝ եվս մի քանի տարի, և Հայաստանը կունենա միջազգային չափանիշին համապատասխան ավտոմայրուղի:
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև «Հյուսիս-հարավ»-ի այլ հատվածներում:
Ի դեպ, վարորդներն արդեն կարող են գնահատել նոր ճանապարհի մի հատվածի առավելությունները: Մաստարա համայնքին հարող ճանապարհահատվածի գոտիներից մեկը երթևեկելի է դարձել:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան