«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել» գրառումը 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանինն է։ Զինվորի նոթատետրը ընտանիքը գտել-թերթել է, երբ տղան արդեն ազատվել էր սաղավարտից։ Մայրն ասում է՝ որդու մտքերը Նավոյաններին հանգիստ չեն տվել, մինչև որոշել են գրքի միջոցով շարունակել ապրեցնել Շանթին։
Էլեն Նավոյան (Շանթ Նավոյանի մայրը) - Շանթը գրառում ուներ, որի տակ նշում էր արել դեռ չգրված գրքից։ Դա երևի իր այն երազանքներից էր, որ մենք պարտավոր էինք իրականացնել․․․
Դահլիճում բոլորը գրքից չէին կտրում թաց աչքերը։ Շատ դառը կսկիծով է կարդում,․․ Գերդաստանում կարծես ոչ մեկը չգիտեր, որ Շանթը գրում էր՝ պատմում է հորեղբայրը։
Լուսավոր, շատ լուսավոր տղա, նաև տաղանդավոր․ կարդալով Շանթի պատմությունը, թե ինչպես թափվող արկերից նռան ծառը առաջին անգամ փրկեց կյանքը՝ ասում է ընտանիքի բարեկամը։
Ֆաթմա Խաչատրյան (Նավոյան ընտանիքի բարեկամ) - Շատ զարմացած եմ, որ էս տարիքում ինքը 2-3 բառում էսքան իմաստ է արտահայտել, ու էսպիսի մարդիկ գնացին մեզանից:
Գիրքը տպագրվել է 1000 օրինակով։ Վաճառքը բարեգործական է։ Նպատակը՝ հանգանակված գումարով ու Շանթի հիմնադրամի անունից Արցախյան պատերազմում զոհված ու վիրավոր տղաների քույր-եղբայրների համար կրթական ծրագրեր իրականացնելը։
Կարծես ճանապարհել է երիտասարդին, բայց նա միշտ մեզ հետ է: Շանթի ու զոհված մյուս տղաների համար հոգևոր հայրը աղոթք կարդաց։ Հետո դահլիճում բոլորը լռեցին։ Ծառից կախեցին նրան փրկած նուռը։
Շանթ Նավոյանի գրքի վերնագիրը նույնպես՝ նրա բառերն են․ «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում»։