Պռոշյանի տուն-թանգարանի գողտրիկ միջավայրն այսօր վերածվել է ցուցադրական յուրօրինակ հարթակի, որում ներկայացված է Արցախն իր կոլորիտով ու գունեղությամբ: Փառատոնային այս նախագիծն իրականացվում է «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: «Պատրաստում են արցախցիները» խորագիրն անհամեմատ ընդլայնում է փառատոնի ընդգրկման շրջանակը:
Երեք տասնյակից ավելի արցախցիներ ցուցահանդես-վաճառքի են ներկայացրել դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, դիմանկարներ ու իհարկե՝ Արցախի համեղ խոհանոցի տեսականին: Նկարիչ Թամարա Մարդանյանը սիրով նկարում է զբոսաշրջիկներին, 2 ամսից կբացի իր անհատական ցուցահանդեսը:
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն «Նախշուն Հադրութ» ծրագրի շրջանակում ցուցադրում է հադրութցի կանանց շյուղագործ ծածկոցներն ու շալերը: Ասում են՝ Հայաստանում նոր կյանք սկսելու դժվարություններն ավելի հեշտ հարթվեցին հենց այս ծրագրի միջոցով:
Ավակիմյանների երիտասարդ ստեղծագործական զույգն ամեն ինչ թողել է Շուշիում, հիմա սկսել են զրոյից ու լիահույս են, որ կհաջողեն:
Իսկ Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաները ներկայանում են իրենց գեղանկարներով: Կենտրոնն արդեն մի քանի ամիս է՝ գործում է Երևանում ու ևս 38 անվճար խմբակ ունի մարզերում՝ 320 արցախցի երեխաների համար: Հիմա արդեն շատ ավելի խնամքով և սիրով են պահպանում հարազատ բարբառն ու կենցաղի ավանդույթները:
«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնի շրջանակում խտացել է Հադրութի, Շուշիի և Բերձորի ստեղծագործ ներուժը, որը կօգնի արցախցի ընտանիքներին հաղթահարել ինտեգրման բարդ ընթացքն ու շարունակել պայքարը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության՝ խոհանոցի, կենցաղի, արհեստների, և բարբառների կենսունակության պահպանության համար: