Լյուքսեմբուրգյան առաջատար The Journal-ը ծավալուն հոդված է հրապարակել Արցախյան երկրորդ պատերազմի, Ադրբեջանի բռնապետական վարչակազմի և Ադրբեջան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների մասին: Հոդվածը ներկայացված է ստորև:
Եկեք խոսենք Ադրբեջանի մասին
Վերջերս Մեծ Դքսության դեմ հախուռն քննադատական հարձակումներ կատարելու պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվեց բազմաթիվ լյուքսեմբուրգցիների լուսարձակների ներքո: Բայց ո՞րն է Ադրբեջանի հետ իրական խնդիրը, և ինչո՞ւ պետք է մենք դրան ավելի շատ ուշադրություն դարձնենք:
«Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զգուշանալ այդ երկրից, որը դաժան հարձակումներ է գործել մեր դեմ: Եվ ես մեր բոլոր պաշտոնյաներին ասել եմ՝ լռե՛ք. հակառակ դեպքում նրանք կգան և կգրավեն մեզ: Գիտե՞ք՝ որ երկիրն է դա»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնանքով շարունակում է իր ծաղրը: «Այդ երկիրը Լյուքսեմբուրգն է»: Ալիևը ցավով էր արտահայտվել անցյալ տարվա ամռանն Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի կապակցությամբ Լյուքսեմբուրգի արձագանքի վերաբերյալ: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատերազմը նկարագրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունք՝ հրահրված իր դաշնակից Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ: 2020-ի պատերազմը ստիպել է Ալիևին մի քանի մարտեր անցկացնել որոշ անհավանական հակառակորդների հետ: Մայիսին նրա թիրախում հայտնվեց Կանադան՝ Բաքվի ռազմավարի պուրակը քննադատելու համար: Ադրբեջանի մայրաքաղաքի հանրային զբոսայգում ցուցադրվում են հայկական բանակից առգրավված ռազմական իրերը, ներառյալ՝ զոհված հայ զինվորների սաղավարտները: Մոմից պատրաստված կերպարները նպատակ ունեն ցույց տալու հայ զինվորներին մարտերում, իսկ միջազգային դիվանագետները քննադատում են, որ նրանք հայերին անմարդկային կերպով են ներկայացնում՝ պատերազմական քարոզչության նպատակով:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը
Այս երկրների միջև հաճախակի դարձած զինված հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությանը: Վերջինս տարածք է Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց վերահսկվում է չճանաչված Արցախի Հանրապետության կողմից, որին աջակցում է Հայաստանը: Որպես այդպիսին այն «Լեռնային Ղարաբաղ» կամ «Արցախ» անվանելը կարող է ընկալվել որպես կողմերից որևէ մեկին սատարելու քաղաքական դիրքորոշում։
1920 թ․ Հայաստանը և Ադրբեջանը ներքաշվեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարի մեջ, որը դադարեցվեց, քանզի երկու երկրները միացան Խորհրդային Միությանը՝ հետագայում դառնալով Խորհրդային հանրապետություններ: Հակառակ սպասումներին, հաշվի չառնելով, որ Լեռնային Ղարաբաղը մինչ օրս հիմնականում հայերով է բնակեցված, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը տարածաշրջանը թողեց Ադրբեջանի վերահսկողության տակ՝ սառեցնելով հակամարտությունը: Խորհրդային Միության փլուզմամբ այդ հակամարտությունը նորից թեժացավ: 1988 թվականին սկսվեց Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը, որն ավարտվեց 1994 թվականին, որի արդյունքում զոհվեց մոտ 17,000 զինվորական և նույնքան էլ՝ քաղաքացիական անձանց շրջանում: Հայաստանի հաղթանակն այս պատերազմում, ինչպես նաև հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանությունը խնդիրը լուծելու փոխարեն ավելի խորացրին այն:
1994 թվականից ի վեր մի քանի սահմանային բախումներ և պարբերական մարտեր են արձանագրվել տարածաշրջանում: Այն, ինչ տեղի ունեցավ անցյալ աշնանը, լայնածավալ պատերազմ էր երկու ժողովուրդների միջեւ:
Այդ հակամարտության արմատներն ավելի խորն են, քան այն հարցերը, թե ով է սկսել պատերազմը, կամ ով ինչ պահանջ ունի տվյալ տարածքի նկատմամբ: Միջազգային դերակատարների ներգրավումը հակամարտությունն ավելի բևեռացված է դարձնում, քան երբևէ: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, թուրք ժողովրդի՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով. երկու երկրներն էլ մշակութային և լեզվական առումով շատ մոտ են: Մյուս կողմից Ռուսաստանը սատարում է Հայաստանին՝ մասամբ մշակութային և կրոնական ընդհանրությունների, մասամբ՝ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Վերջին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի դիվանագիտական և խաղաղապահ գործողությունների շնորհիվ. յուրօրինակ իրավիճակ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ այլ իրավիճակներում Ռուսաստանը հաճախ դիտվում է որպես ագրեսոր:
Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Տաթև Էնգելի խոսքերով՝ Եվրոպայում միայն 3 երկիր շատ հստակ կերպով արձագանքեց պատերազմին՝ Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները: Սակայն Լյուքսեմբուրգում Հայաստանի ներկայացուցիչները կարծում են, որ խոսքերով աջակցություն հայտնելը պարզապես բավարար չէ տարածաշրջանի խնդիրը հարթելու համար:
«Փոքր Էրդողան»
Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի նախագահի կատակները մեկնաբանեց՝ ասելով. «Նա ծաղրում է մի պետության, որի ՀՆԱ-ն 4-5 անգամ մեծ է Ադրբեջանի ՀՆԱ-ից: Ինչո՞ւ, որովհետև Լյուքսեմբուրգը խաղաղության և հանդուրժողականության ջատագո՞վ է»։ Դեսպան Բալայանը նախագահ Ալիևին անվանեց «Փոքր Էրդողան» և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ալիևների ընտանիքի նկատմամբ՝ ընդգծելով, որ չի կարելի վստահել Ադրբեջանի դաշնակից Թուրքիային: «ՆԱՏՕ-ի շրջանակներում որևէ երկիր դիտո՞ւմ է Թուրքիային որպես հուսալի գործընկեր»: Բալայանը կարծում է, որ Եվրոպայի միջամտությունը պետք է ավելանա՝ Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու համար:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Լյուքսեմբուրգը չի կիրառում ազգային պատժամիջոցներ, և պատժամիջոցների հարցը կքննարկվի և կորոշվի եվրոպացի գործընկերների հետ համատեղ՝ ԵՄ մակարդակում։
Մարդու իրավունքները Ադրբեջանում
Նախագահ Ալիևի՝ Լյուքսեմբուրգի ծաղրանքից հետո խմբագրատունը հարցազրույցի է հրավիրել Լյուքսեմբուրգում հավատարմագրված Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին, որը չի ներկայացել։ Դեսպանությունից նշել են, որ Բաքվից հրահանգ ունեն չմեկնաբանել այդ դրվագը։ Journal-ը վկայակոչել է Ժան Ասելբորնին դատապարտող՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունները, որոնցից մեկում ասվում է, որ «Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վարում է հայամետ քարոզչությունը»:
Սառը դիվանագիտական հարաբերություններ
Նույն դեսպանությունը նաև նշեց, որ վերջին տասնամյակների ընթացքում Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սառն են. «Երկու երկրների պաշտոնատար անձանց երկկողմ այցերի հետ կապված նշենք, որ 2009 թվականից ի վեր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով գտնվել է Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում երեք անգամ, մինչդեռ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ոչ մի այց չի կատարել Բաքու»: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի վերջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում: Հարաբերություններն ավելի են սառել 2015 թվականից հետո, երբ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Լյուքսեմբուրգում գործունեություն ծավալող Ադրբեջանի նավթային ֆոնդերը
STATEC վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի միջև առևտուրը չնչին է: 2020 թվականին Լյուքսեմբուրգի արտահանումը Ադրբեջան կազմել է 14 միլիոն եվրո (5 միլիոն եվրո ֆինանսական ծառայություններ), մինչդեռ Ադրբեջանից ներմուծումը եղել է ընդամենը 5 միլիոն եվրո: Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առնվազն 5-6 տարի շարունակ էկոնոմիկայի նախարարը չի այցելել Ադրբեջան: Մենք տվյալներ չունենք Ադրբեջանի տնտեսական ներկայության վերաբերյալ»:
Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային հիմնադրամը (SOFAZ), իր 2019 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, Լյուքսեմբուրգում հինգ ընկերություն ունի: Դրանք են.
• SOFAZ Europe S.C.S
• SOFAZ RE Europe Holding S.à.r.l
• SOFAZ RE Europe S.à.r.l
• SOFAZ PE FUND S.à.r.l
• SOFAZ RE FUND S.à.r.l
Առաջին երկուսը ստեղծվել են գույքի կառավարման նպատակով (SOFAZ Europe S.C.S- ը գրանցված է «փոխադրամիջոցի անվտանգության» նպատակով), վերջին երեքը ծառայում են ներդրումների կառավարմանը, նշված է SOFAZ-ի 2019 թվականի տարեկան զեկույցում: Ընդհանուր առմամբ, բոլոր հինգ բաժնետերերը տնօրինում են ավելի քան 2.6 միլիարդ եվրո կազմող ակտիվներ: Ըստ պաշտոնական գրառումների, այդ հոլդինգները համատեղ ղեկավարում են «Զեդրա Լյուքսեմբուրգ» ընկերության աշխատակիցները, որը մասնագիտանում է «Անհատների և ընտանիքների ակտիվների» կառավարման մեջ: «Զեդրա Լյուքսեմբուրգ»-ը հասանելի չէր SOFAZ-ի հետ՝ իրենց բիզնեսի վերաբերյալ մեկնաբանություններ տալու համար:
Պաշտոնապես Ադրբեջան-Լյուքսեմբուրգ առևտրի պալատը (CCLA) գոյություն ունի 2007 թվականից ի վեր, որը գրանցված է Լյուքսեմբուրգ քաղաքում գտնվող 25C Boulevard Royal-ում: Կազմակերպությունը նաև գրասենյակ ունի Լյուքսեմբուրգի մայրաքաղաքի մեկ այլ՝ Joseph II բուլվարում, 11 Ա հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Լյուքսեմբուրգում Ադրբեջանի մշակութային միությունը»: Այնուամենայնիվ, առևտրային պալատը չի արձագանքել Journal-ի նամակներին կամ հեռախոսազանգերին, ինչպես նաև Լյուքսեմբուրգի որևէ կազմակերպություն կամ կառավարական հաստատություն չի հաստատել է, որ կապ է ունեցել CCLA- ի հետ։