ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ եւ հիշեց, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հետեւած լարված ներքաղաքական իրավիճակը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իտալիայի Սենատի փոխխոսնակը հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի:
Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի կարեւորությանը եւ այդ հարցում միջազգային գործընկերների մասնակցությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցեր: Իտալական կողմը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման ավարտին երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: