Նոր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը պետք է ձևավորվի հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքում: Խորհրդարանական կառավարման Հայաստանում երկրի օրենսդիր մարմինը 5 տարին մեկ ժամկետով է ընտրվում՝ առնվազն 101 պատգամավորով:
Երկու ամիս առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ երկիրն անցավ մաքուր համամասնական ընտրակարգի: Վերացվեց ռեյտինգային ցուցակ հասկացությունը, և արդյունքում այս անգամ քվեախցիկում ընտրողն իր ձայնը տալու է կուսակցությանը կամ դաշինքին: Պայքարի մտած 25 քաղաքական ուժերից թե որ մեկը որքան ձայն կստանա՝ նախնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի արդեն երկուշաբթի, իսկ վերջնականը՝ քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը:
Ըստ օրենքի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոսն է, դաշինքներինը՝ 7-ը: Բայց եթե անհրաժեշտ ձայների քանակը ստացել է 3-ից պակաս ուժ, ապա մանդատներ բաշխվում են նաև հաջորդող առավելագույն ձայներ ստացած 3 ուժերի միջև:
Ազգային ժողովի ձևավորման համար պետք է ապահովվի կայուն մեծամասնություն, այլ կերպ ասած՝ ընդհանուր մանտադների 54 ու ավել տոկոսը: Հատուկ բանաձևով ընտրական հանձնաժողովը հաշվարկում է մանդատների բաշխումը: Մայր օրենքով խորհրդարանում երաշխավորված տեղեր ունեն նաև ազգային փոքրամասնությունները:
Եթե ընտրության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ մեկը չի ապահովում կայուն մեծամասնություն ու չի կարող ձևավորել կառավարություն, Ընտրական օրենսգիրքը որպես այլընտրանք նախատեսում է նաև քաղաքական կոալիցիաների ձևավորումը: Կարգը հստակ է՝ 6-օրյա ժամկետում ընտրական արգելապատնեշը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել շեմը հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու ուժի հետ: Այդ դեպքում մինչև վերջնաժամկետը ԿԸՀ է ներկայացվում կոալիցիա կազմելու մասին որոշումն ու ապագա վարչապետի թեկնածուի անունը: Անհրաժեշտության դեպքում՝ եթե նրանց մանդատների քանակը պակաս է 54 տոկոսից, կոալիցիա կազմած ուժերին են տրվում նվազագույն թվով լրացուցիչ մանտադներ:
Բայց կարող է լինել իրավիճակ, որ քաղաքական ուժերը համաձայնության չգան, կոալիցիա չկազմեն, ու կայանա քվեարկության երկրորդ փուլ: Նոր ընտրությունը նշանակվում է առաջին քվեարկությունից 28 օր հետո: Այդ ժամանակ պայքարին մասնակցում է առավել շատ ձայն հավաքած ընդամենը երկու ուժ, բայց նրանք այդ փուլում կարող են նոր դաշինքներ ձևավորել արգելապատնեշը հաղթահարած մյուս ուժերի հետ, եթե համաձայնության են եկել վարչապետի թեկնածուի հարցում:
Ու մինչև կձևավորվի նոր խորհրդարանը, այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը, թեկուզ լուծարված, բայց շարունակում է իր լիազորությունները մինչև նորընտիրի առաջին նստաշրջանի մեկնարկը: