Գյումրիում և Ախուրյանում կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատների շինարարությունը շուրջ մեկ ամսից կավարտվի: Ընդամենն օրեր անց կմեկնարկի նաև Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթությունների ցանկում շարունակում են կարևորվել տարբեր միջազգային գործընկերների միջոցով գույքի և տեխնիկայի նորացման ծրագրերը:
Այսօր՝ հունիսի 18-ին, Փրկարար ծառայությունն ամփոփել է 2021 թվականի հինգ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը և ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը: Պարբերաբար անակնկալ այցեր են կատարվել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նպատակ ունենալով արձանագրել թերությունները և նշել դրանց վերացմանն ուղղված քայլերի հստակ ժամկետները: Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աղբավայրերում գրանցված հրդեհներին, նշել, որ միայն մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարբեր աղբավայրերում հրդեհների 13 դեպք է գրանցվել. անցած տարվա համեմատ ցուցանիշը քառապատկվել է։
2020 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 3 դեպք։ Մասիսի աղբավայրում ավելի քան տասն օր տևած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 28 մարտական հաշվարկ և 121 փրկարար, այդ թվում՝ Երևանի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից։ Իրականացվել է 103 ելք, ծախսվել է 6258 տ ջուր, 1800 լ վառելիք։ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար, օգտագործվել է 2300 տ ջուր, ծախսվել է 1200 լիտրից ավելի դիզվառելիք:
Արմեն Գասպարյանի խոսքով՝ փրկարար ծառայությունը պետք է շեշտադրի կանխարգելումը: Այդ իսկ նպատակով՝ մեկնարկելու է ԱԹՍ-ների կիրառման գործընթացը: Դրանց միջոցով բացի հետախուզական աշխատանքներից, նաև ակտիվ իրազեկում կիրականացվի: Արդեն մեկ անօդաչու թռչող սարք է տրամադրվել Տավուշի մարզային փրկարարական վարչությանը. նախատեսվում է, որ այն կօգտագործվի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների մասին պարբերաբար հիշեցնելու համար: ԱԻՆ Փրկարար ծառայությունն ԱԹՍ-ներ է հատկացնելու բոլոր մարզային փրկարարական վարչություններին: Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ներկայացրել է իր նկատառումները՝ ծառայության պատշաճ կազմակերպման վերաբերյալ և հորդորել բարեխիղճ լինել՝ ի նպաստ համակարգի: