Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի` «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործման և գործարկման վերաբերյալ պահանջներին` նշելով, որ դրանք հակասում են շուկայական տնտեսության սկզբունքներին, հայտնում է ТАСС-ը:
«Այս նախագծում ոչ թե քաղաքականություն է ներդրված, այլ՝ շահը: Գազատարի նախագիծը կոմերցիոն է և շահավետ է մասնակից երկրների համար: Եթե Կիևը ցանկանում է մասնակցել դրան, պետք է բանակցություններ վարի շահագրգիռ ընկերությունների և բաժնետերերի հետ ու դադարեցնի քաղաքական հիստերիան և, ընդհանրապես, իրեն պարկեշտ պահի»,- ասել է Զախարովան:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ներկայացրել էր «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկման երկու պայման՝ Ուկրաինայի տարածքների ապագրավումը և հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Ըստ Կուլեբայի՝ գազատարի գործարկումը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի տնտեսությանը, այլև՝ անվտանգությանը, հետևաբար, Կիևը դեմ է դրա կառուցմանը:
Հունիսի 10-ին «Հյուսիսային հոսք-2»-ի AG օպերատորը հայտարարեց, որ ավարտվել է գազատարի առաջին գծի շինարարությունը: Երկրորդ գծի ծովային հատվածի շինարարությունը շարունակվում է:
Գազատարի կարևորությունն ընդգծել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի իրավահաջորդը՝ Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Արմին Լաշետը: