Հաստատվել են ուսումնարանների ու քոլեջների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Այս տարի ցանկում կան նաև փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններ:
Կարեն Մանուկյան (նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ) - Ռոբոտաշինություն, գյուղատնտեսական ֆերմերային տնտեսություն, որը իր մեջ ներառում է երկու որակավորում՝ դա անասնաբուժություն և գյուղատնտեսական ֆերմերացում:
Կպատրաստվեն նաև կաթիլային ոռոգման մասնագետներ: Նախորդ տարի երկու նոր մասնագիտություններ էին փորձնական ներդրվել՝ Սևանի բազմագործառութային քոլեջում «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժինը, իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջում՝ «Հարդարման շինաշխատանքների իրականացումը»: Նախարարությունից հայտնում են՝ արդյունքը գոհացուցիչ է. այլ ուսումնական հաստատություններում էլ կուսուցանվի:
«Հարդարման շինաշխատանքների իրականացում» մասնագիտությունը ուսանողներից շատերի համար ոչ միայն գրավիչ է, այլև հեռանկարային: Ասում են՝ մասնագիտությունն ընտրել են՝ համոզված լինելով, որ աշխատաշուկայում մրցունակ են լինելու:
Աշոտ Աղաբեկյան (ուսանող) - Սա մեր կարկասային սենյակն է, որտեղ մենք սովորելու ենք կարկասային ինչ-որ աշխատանքներ իրականացնել, ապագայում արդեն պրակտիկ գործողություններ ենք կատարելու:
Արմեն Շահրամանյան (ուսանող) - Ես փոքրուց սիրել եմ շինարարությունը, և հիմա երկրում շինարարությունը զարգանում է, և մասնագետների կարիք կա:
Ուսանողները երրորդ տարում ավելի շատ գործնական աշխատանքներ կկատարեն ու հնարավորություն կունենան հասկանալ, թե որքանով են յուրացրել գիտելիքները:
Անահիտ Հովհաննիսյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն) - Սա շինարարության մի տեսակ է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում կառուցումներ կատարել և ապահովել մարդկանց շատ սպասելի բնակարաններով, և ստեղծված իրավիճակում այս բնակարանների կարիքը կա, և մեր շրջանավարտները կարող են այդ աշխատանքները կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի սահմաններից դուրս:
Սևանի բազմագործառութային քոլեջում «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում արդեն 15 ուսանող ունեն:
Գեղամ Խաչատրյան (Սևանի բազմագործառութային քոլեջի տնօրեն) - Պահանջված է կոնկրետ մեր մարզում, որ նայում ենք՝ տարվա 365 օրվանից 300-ը արևային են, և, բնականաբար, արդյունքը շատ ավելի մեծ է: Արևից է վերցնում այդ էներգիան, ինչքան արևային օրերը շատ՝ այդքան կարևոր:
Գեղամ Խաչատրյանը նշում է՝ շատ մասնագիտություններ ունեին, բայց նոր ներդրվող բաժինը միանգամից հետաքրքրեց շատերին: Մոտ 7-8 տարի է՝ արդեն մոդուլ են ներդրել «Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտությամբ, ու իրենց ուսանողներն արդեն ունեին արևային վերականգնվող էներգիային առնչվող գիտելիքներ: Այժմ էլ մի շարք պայմանագրեր ունեն, որոնց շնորհիվ ուսանողներն ակտիվ մասնակցություն կունենան պրակտիկաներ անցնելու, վահանակների ջրատաքացուցիչների տեղադրումներ իրականացնելու:
Կարեն Մանուկյան - Մարդ երբ սովորում է, հետագայում պատկերացնում է նաև իր աշխատելու հնարավորությունը, և այս մասնագիտությամբ ավարտողը, չեմ կասկածում, որ աշխատանք չի գտնի:
Նախարարությունում կարևորում են նաև դուալ համակարգի ներդրումը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը:
Կարեն Մանուկյան - Երեք տարի արդեն կլինի՝ ներդրվել է դուալ ուսուցումը փորձարարական ուսումնական հաստատություններում, ներկայումս 11 ուսումնական հաստատությունում իրականացվում է դուալ ուսուցումը 13 մասնագիտությունների գծով: Դա ֆորմալ կրթության մասին է խոսքը, նաև իրականացվում են կարճաժամկետ ուսուցումներ:
Ուսուցման գործընթացն իրականացվում է՝ պայմանագրեր կնքելով կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողներն իրեն գործնական աշխատանքներն են իրականացնում: Գործակցությունը տարեցտարի ընդլայնվում է: