Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Վերելք» կուսակցության անդամներն այցելել են սահմանամերձ գյուղեր, բնակիչները բարձրացրել են անվտանգության խնդիրներ՝ քարոզարշավն ամփոփեց քաղաքական ուժի ղեկավարը: Ընտրապայքարին մասնակցության հայտ են ներկայացրել՝ առաջարկելով խնդիրների լուծման ոչ ստանդարտ մոտեցումներ:
Ալեքսան Մինասյան, «Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար - Շանսերն, իհարկե, կախված են ժողովրդից, ինչպես կընկալեն մեզ: Սիրտս թելադրեց, որ մենք պետք է մասնակցենք, որովհետև մեզ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է:
Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, Մոնթե Մելքոնյան վարժարանի հիմնադիրը նշում է՝ նոր մոտեցումներով են ցանկանում ամրապնդել բանակը:
Ալեքսան Մինասյան - Սահման էինք գնում, ադրբեջանցիները հեռանում էին, գիտեին, որ կմոտենանք, եթե զենք էլ չունենայինք, սրած փայտն էլ հերիք էր:
Եռաբլուրում հանգչող տղաներն սպասում են, որ ստեղծենք հայ ժողովրդին հարիր պետություն՝ ասում է Ալեքսան Մինասյանը: Նա համոզված է, որ տղաների հիշատակի առաջ միայն խոնարհվելը շատ քիչ է, դրական և գործնական քայլեր են պետք: Մինասյանը կոչ արեց բոլորին մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարող է որոշիչ լինել պետության կառուցման համար:
Ալեքսան Մինասյան - Չպետք է անարգել այն տղաների արյունը, դրոշակները, որ ծածանվում են, նրանք խոսում են, պետք է լսել:
Միտք-միասնություն-ուժ. Մինասյանը համոզված է, որ միասնական ժողովուրդն ու պետությունն են, որ կարող են համարժեք պատասխան տալ մարտահրավերներին: Ուժեղ տնտեսության պայմաններում է հնարավոր ստեղծել ամուր ու հզոր բանակ. իրենք շեշտը դնելու են տնտեսության զարգացման, երկպալատ խորհրդարանի ստեղծման վրա:
Կուսակցությունն ունի տուրիզմի զարգացման ծրագիր: Ալեքսան Մինասյանի խոսքով՝ իրենց շարքերում ներգրավված են գիտնականներ, նրանց ներուժն օգտագործելու են ի շահ երկրի: