«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցների վրա ճնշում է գործադրում և, իր, և, Հայ Առաքելական Եկեղեցու անունից:
Համացանցում տարածվել է ձայնագրություն, որից պարզ է դառնում՝ ԲԿ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը Չարչյանը աշխատակիցներին պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ ընտրությանը:
Չարչյանը սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին:
«Եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորիցդ, որ պարտադիր գնաք ընտրությունների»,- ասել է Չարչյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո վերցնելու է ցուցակները և տեսնելու՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել:
«Հավատացե՛ք, ով չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու էդ մարդու նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա, չէ՞, համարժեք պատասխան։ Չէ՛, պատասխանը խիստ անհամարժեք է լինելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը։ Բայց դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը»,- հավելել է Չարչյանը:
«Շատ լավ գիտեմ, որ օրենք կա՝ հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն կատարել քարոզչություն չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է, և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի, ընդամենը 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է, դա օրինապաշտության խնդիր է։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի՛ ընկալեք սա որպես քարոզչություն։
Առաջին պարտադրանքս՝ հորդորս, գնալ ընտրությունների, երկրորդը՝ մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը՝ սկսած դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ Հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո ևս երեք անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ, և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը, այսինքն՝ ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։
Ես ձեզ չեմ հորդորում՝ գնացե՛ք քվեարկեք սրան-նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել: Ներկա իշխանություններն ապաշնորհ են և պետք է հեռանան»,- եզրափակել է խոսքը «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրենը: