Հայկական ծիրանը ռուսական շուկա է գնում։ Թարմ բերքը, սակայն, արտահանողն այս դեպքում ոչ թե այգուց, այլ սառնարանից է մեքենա բարձում։
Արթուր Չարչօղլյան («Արմֆրութ» ընկերության լոգիստ-մենեջեր) - Ինքը գալիս ա ստեղ, ջերմաստիճանն իջեցնում են, կայունացնում ենք, հետո արդեն մտցնում ենք մեքենան:
Դաշտում, ամռան շոգ այս օրերին, ծիրանի պտուղը, պարզվում է, միջինում 27 աստիճան տաք է մինչև կորիզ։ Այդ ջերմությունը ֆուռի սառնարանը չի կարող ամբողջությամբ կլանել։ Եթե մինչև Մոսկվա 2-4 օրվա ճանապարհին բերքը շարունակի հասունանալ, ծիրանը վաճառքում արագ կփափկի-կփչանա։ Առևտրային գործընկերներին նման ռիսկի տակ դնել իրենք չեն կարող, կխզեն կապերը՝ բացատրում է «Արմֆրութի» ներկայացուցիչը։
Արթուր Չարչօղլյան - Մենք պայմանագրեր ունենք ռուսական բոլոր մեծ սուպերմարկետների ցանցի հետ՝ «Մետրո», «Մեգատորգ», «Մագնիտ», Пятёрочка, X-пять, բոլորի հետ։ Միայն ծիրանի՞ համար, չէ՛, մենք արտահանում ենք ամեն ինչ՝ ձմերուկ, եմիշ, գյուղմթերք, կուկուռուզ:
Տնտեսվարողն ինչ սնունդ կբերի՝ սեզոնի ծիրանից մինչև կարտոֆիլ, կեռաս թե Սյունիքի պանիր: Այստեղ ընդունում, հավաքում-պահում, նախապատրաստում են արտահանման։ Լոգիստիկ շղթայում առաջին գործը գյուղմթերքի դեպքում բեռը հովացնելն է։
Ջերմային տվյալ խցում մի քանի ֆիրմայի ու անհատ այգետիրոջ ապրանք է՝ արկղերով ու փաստաթղթերով առանձնացված։ ICE HOUSE-ի ղեկավարը հպարտանում է․ հյութեղ ծիրանի դեպքում նույնիսկ կարողանում են միրգը ամսից ավելի պահել, որ բիզնեսն այն վաճառքի տանի, երբ իրեն հարմար է․ մեկը՝ ֆուռ լցնող 2400 արկղը լրացնելուց հետո, մյուսը՝ երբ դաշտի բերքը վերջանում է, գյուղմթերքի գինը՝ բարձրանում:
Արթուր Մուրադյան (ICE HOUSE ընկերության տնօրեն) - 1 աստիճանով պահպանման դեպքում մենք ունեցել ենք մինչև 35 օրվա փորձ։ Իհարկե պիտի էս չափի՝ մի քիչ խակ քաղածը լինի:
Այսպես դեղնականաչ էլ, առանց գույնը փոխելու ապրանքը ճանապարհ է ընկնում։ Տուփերին՝ «Ծիրանի թարմ բերք․ Հայաստան, երբ է քաղվել» պարտադիր գրառումով։ Արկղերը՝ տակդիրներին դասավորած-ամրացրած, որ գնորդի համար էլ բեռնաթափելը հեշտ լինի, հաճախ ապրանքը միանգամից խանութի պահեստ է մտնում։
Գագիկ Օհանյան (ICE HOUSE ընկերության աշխատակից) - Անկյունակ ենք դնում, կապում, որ ապահով ձևով արտահանվի։ էս գործի մեջ կարևորագույնը անկյունակ դնելն ա:
Թվում է՝ մանրուքներ են, որ լրացուցիչ գումար են պահանջում, սակայն ծախսն արդարացված է՝ գնահատում է արտահանող ընկերության լոգիստ-մենեջերը։ Հիմա, ասում է՝ Լարսում ճանապարհ են նորոգում, այս պահին 150 բեռնատարի հերթ կա։ Բայց քանի օր էլ կանգնեն, իրենց ծիրանը հովացրած է, դիմանալու է։ Այնպես որ, սկսեցին բարձել․ հարևանությամբ մյուս մեքենան՝ դաշտերից արդեն բերել է բերքի նոր խմբաքանակը։