Կանխիկ թե անկանխիկ ստանալ կենսաթոշակը՝ Հայաստանում ընտրում է թոշակառուն, բայց վճարման գործընթացը ավելի բարելավելու նպատակով Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ. հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստները կտրվեն անկանխիկ եղանակով:
Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - էնպես չի, որ առաջին անգամ հուլիսի 1-ից պետք է անկանխիկ եղանակով վճարում կատարենք: Առաջին անգամը ընդամենը այն է, որ որոշ խմբի կեսնաթոշակառուներ, նպաստառուներ այլևս չեն կարող ընտրել եղանակը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ, նրանք կարող են ընտրել անկանխիկ եղանակով վճարում կատարող կազմակերպությունը, եղանակը այլևս ընտրել չեն կարող:
Քաղաքացին իր կենսաթոշակը կամ նպաստը կարող է ստանալ բանկերի և ազգային օպերատորի՝ «Հայփոստի» միջոցով, որը էլեկտրոնային փոխհասկացության ներդրմամբ միանում է բանկերին: Բայց օրենքը սահմանում է նաև բացառություններ:
Անահիտ Գալստյան - Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամը կամ 75-ից բարձր տարիքի տեղաշարժման խնդիր ունեցող անձը, ում հարմար է, որպեսզի գումարը ստանա տանը և չդիմի վճարող կազմակերպություն: Մենք ասում ենք՝ ընտրի՛ր կազմակերպությունը:
Համակարգի ներդրումը կկատարվի փուլային եղանակով. ոչ բոլոր համայնքներն են պատրաստ անկանխիկ եղանակով ծառայություններ մատուցել՝ նշում է Գալստյանը: Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում անկանխիկի կանցնեն 2022 թ. հունվարի 1-ից, 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023-ին, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024-ին:
Անահիտ Գալստյան - Օրենսդրությամբ բաժանված է չորս փուլի, հուլիսի 1-ից կվերաբերի բացառապես Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներին: Շուրջ 56 հազար շահառուներ ունենք, որոնք հունիսի դրությամբ իրենց կենսաթոշակները ստացել են կանխիկ եղանակով, որոնց տարիքը չի գերազանցում 75-ը, և որոնք չեն հանդիսանում 1-2-րդ խմբի հաշմանդամներ:
Հունվարի 1-ից Հայաստանի երեք մեծ քաղաքներում կենսաթոշակի դիմած քաղաքացիներին առաջարկվել է անկանխիկ եղանակը: Իսկ երևանցի, գյումրեցի ու վանաձորցի կենսաթոշակառուները, ովքեր դեռևս գումարը ստանում կանխիկ եղանակով, պետք է մինչև հուլիսի 1-ը դիմեն ցանկացած տարածքային բաժին ու ընտրեն կազմակերպությունը, որի միջոցով կստանան իրենց կենսաթոշակներն ու նպաստները:
Անահիտ Գալստյան - Եթե ինքը հաշվառված է Երևանում, բայց ամառ է, գնացել է ազգականների տուն, պետք չի գա հասնի Երևան, թող դիմումը ներկայացնի մոտակա տարածքային բաժին:
Դիմումները հնարավոր է ներկայացնել նաև բանկ կամ «Հայփոստ»: Բայց այս դեպքում քաղաքացին պետք է դիմի այսօր և երկուշաբթի, որպեսզի բանկերը և ազգային օպերատորը հասցնեն տվյալները փոխանցել նախարարությանը, և ձևավորվեն հուլիս ամսվա կենսաթոշակները: Եթե քաղաքացիները չհասցնեն ընտրել որևէ կազմակերպություն, ընտրությունը կկատարի նախարարությունը:
Անահիտ Գալստյան - Կենսաթոշակառուն կենսաթոշակը ստանում է ամբողջությամբ, նա որևէ կոպեկ, որևէ գումար չպետք է վճարի «Հայփոստին» կամ բանկին՝ անկախ վճարման եղանակից:
Բանկում կենսաթոշակային հաշիվները բացում ու սպասարկում են անվճար, կանխիկացման տոկոսների պարագայում կիրառվում են զեղչեր: