ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հավանականության մասին, գրում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չէր բացառել երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:
Ըստ Պեսկովի` հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: «Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ամբողջ իրավիճակի կարգավորմանը, ու չպետք է պարունակեն տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- հավելել է Պեսկովը:
Ռուսաստանի Պետդումայում ավելի կտրուկ են արձագանքել Անկարայի ծրագրերին: Ռուսաստանցի օրենսդիրները թուրքական բազան Ադրբեջանում համարում են ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձ, իսկ Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ՝ ժամանակի հարց:
«Ադրբեջանը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ այն պահից, երբ ադրբեջանական զինուժը թուրքական բանակի հետ միասին կռվեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ»,- Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը:
«Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, մեղմ ասած, թույլ է տալիս Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամի, Էրդողանի միջոցով հանդես գալ նման հայտարարություններով: Ավելին, Մոսկվան ունի բազա Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում՝ ոչ»,- հավելել է նա: