«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը քարոզարշավն ամփոփել է Գյումրիում՝ պնդելով, որ ընտրվելու դեպքում կստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կձգտեն համախմբվել և կառուցել, իսկ ովքեր չեն ցանկանա, ստիպված կլինեն:
Եթե ցանկանում են Հայաստանը նոր կետից կառուցել, ապա պետք է ընտրությանը շատ լուրջ մոտենան՝ ընտրողներին նման հորդորով է դիմել կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը և հորդորել՝ ընտրություն կատարելիս մտածել ազգի մասին և ոչ անձնական նախասիրության:
Կարին Տոնոյանի պնդմամբ՝ պատերազմից հետո բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ պատասխան չունեն, և այդ պատասխանները կարող են տալ միայն նոր ուժերը:
Կարին Տոնոյան, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ցուցակի 1-ին համար - Լավ գիտենք, որ մինչ օրս մեզ համար իքսերով անլուծելի հավասարում է պատերազմը, որն այնքան կորուստներ պատճառեց մեզ: Այդ իքսերը, գաղտնիքները պետք է բացվեն և պետք է հասկանանք, թե, ի վերջո, ինչ կատարվեց: Որտե՞ղ էր դավադրությունը, ովքե՞ր էին դավադիրները, ո՞վ թերացավ, ո՞վ դավեց: Այդ իքսերը կարող է բացել այն ուժը, որը սեփական ցավ ունի ոգում: Այն ուժը, որը մաքուր է ձեռքերով, խղճով և կարող է բերել արդարադատություն: Այսօր Հայաստանին պետք է ազնվություն և արդարադատություն: