Լրջանալու պահն արդեն անցած է, եկել է սթափվելու պահը՝ ընտրապայքարի վերջին օրը հայտնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդը: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը հունիսի 20-ի ընտրությունից ոչ թե իրենց մանդատներ ձեռք բերելն է, այլ հետընտրական զարգացումները:
Լևոն Տեր-Պետրոսյան, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 1-ին համար - Մենք դառնագույն պարտություն ենք կրել, դա առաջին դժբախտությունն է, երկրորդը կարող է լինել այս ընտրությունները։ Պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ, նրանցից սպասելի է ցանկացած արկածախնդրություն: Վերջին պատերազմում կորցրին Ղարաբաղը, այս պատերազմում կարող ենք կորցնել Հայաստանը: Չեմ թանձրացնում գույները:
Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցնում է իր առաջարկը Հայաստանի մյուս երկու նախագահներին՝ մոռանալ նախկին գժտություններն ու միավորվել հանուն երկրի՝ պայմանով՝ չհավակնել որևէ պետական պաշտոնի և ստեղծել տեխնոկրատների կառավարություն՝ մեկ-երկու տարում երկիրը ոտքի կանգնեցնելով:
Լևոն Տեր-Պետրոսյան - Եթե այդ ծրագիրը հաջողվեր, Նիկոլի ֆենոմեն գոյություն չէր ունենա, Նիկոլը կթողներ ու կփախչեր Հայաստանից: Ուրեմն ընտրությունների բոլոր բացասական հետևանքների մեղավորները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: Այսինքն՝ ինչքան վնաս տվել են, պատրաստվում են ավելի շատ վնաս տալ, հեքիաթ չէ, լուծված էր այս հարցը, հիմա սպասվում են բավականին դժվար ընտրություններ:
Եթե ընտրություններն առանց խախտումների ընթանան, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է՝ խորհրդարանում իրենք մանդատներ կունենան:
Լևոն Տեր-Պետրոսյան - Մեր հայտնվելը խորհրդարանում արդեն ինչ կազմով էլ լինի, թույլ չի տա սխալների կրկնություն, որը եղել է Փաշինյանի երեք տարում: Մեր ներկայությունը նրանց էլ կզսպի:
Եվ քարոզարշավի վերջին օրը Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է նաև պատգամավորների իր թեկնածուներին: