Ինչ կարողացանք՝ արեցինք: «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսպես է գնահատում քարոզարշավը, նշում՝ մեծ հավաքների համար մեծ փողեր են պետք, իրենք փոքր հանդիպումներ են ունեցել, բայց հասցրել են Հայաստանի բոլոր մարզերում էլ լինել:
Հրանտ Բագրատյան, «Ազատություն» կուսակցության ցուցակի 1-ին համար - Այնուամենայնիվ, փորձեցինք մեր ասելիքն ասել ժողովրդին, ներկայացրինք մեզ, հիմա ժողովուրդը հունիսի 20-ին կորոշի:
Սոցիալական հարցերից ավելի մարդկանց հիմա անվտանգության հարցերն են հետաքրքրում՝ նշում է Բագրատյանը:
Հրանտ Բագրատյան - Գերակշռում են անվտանգության հարցերը՝ 90 տոկոս: Այս անգամ ժողովուրդը թոշակից չէր, որ խոսում էր: Ասում էին, որ վատ են ապրում, ոչ մի բան էլ չի փոխվել, բայց բոլորին, առաջին հերթին, անհանգստացնում էր անվտանգությունը:
Ընտրվելու դեպքում էլ առաջինը հենց անվտանգության հարցերն է կարգավորելու: Իր առաջարկած տարբերակը, վստահեցնում է, իրատեսական է:
Հրանտ Բագրատյան - Մեր անվտանգության համակարգին առնչվելու է Իրանը, Չինաստանը, իհարկե, Ռուսաստանի հետ համաձայնեցված կարգով: Խնդիր ենք դնելու մեր առջև, որ առաջիկա թուրքական միջուկային ագրեսիային մենք պետք է պատասխան ունենանք:
Քաղաքական ուժի ղեկավարի համոզմամբ՝ ոչ միայն անվտանգության հարցերում, այլև տնտեսական ու մյուս ոլորտներում լավագույն ծրագիրն «Ազատություն» կուսակցությանն է:
Հրանտ Բագրատյան - Լավագույն ծրագիրն ենք ներկայացրել, ունենք կարճ մտածելակերպ, ունենք փորձ, մեր առավելությունն այդ փորձն է: Իմ առավելությունն է, որ ես հին նախկին եմ, մի անգամ պատերազմը հաղթել եմ, այս անգամ լինեի վարչապետ՝ պատերազմը չէինք պարտվի:
Ընտրության արդյունքներից կախված՝ պատրաստ են նաև միանալ այլ ուժերի:
Հրանտ Բագրատյան - Բոլորի հետ՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի:
Քարոզարշավի վերջին օրը քաղաքացիներին Հրանտ Բագրատյանի վերջին կոչն է՝ վստահել իրենց:
Հրանտ Բագրատյան - Վստահեք մեզ ձեր երեխաների ապագան, նրանք կլինեն անվտանգ: Մենք հիմարություններ չենք անի: Շատ բան պետք չէ անել, բավական է այն, որ երկրի ղեկավարը հիմարություններ չանի: