Այսօր Իրանում անցկացվում են նախագահական ընտրություններ, երկրի ամբողջ տարածքում բացվել է շուրջ 66.8 հազար ընտրատեղամաս: Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել նաև աշխարհի 133 երկրում, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 52,31 միլիոն է:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին առաջինն է քվեարկել և կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել նախագահական ընտրություններին, հաղորդում է PressTV-ն:
Հարցումները կանխատեսում են 42% մասնակցություն, ինչը ամենացածրն է 1979 թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր: Ըստ դիտորդների՝ 80 միլիոնանոց բնակչության շրջանում քաղաքական անտարբերության պատճառը պատժամիջոցներն են և քովիդի դեմ պայքարը:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու, հիմնական պայքարը Իրանի Գերագույն դատարանի ղեկավար, ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի և Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, չափավոր ուժերի ներկայացուցիչ Աբդոլնասար Խեմաթիի միջև է: Ըստ վերլուծաբանների՝ հաղթելու մեծ հնարավորություն ունի Խամենեին մոտ կանգնած թեկնածուն, խիստ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, որը ստանում է անվտանգության ուժերի և կրոնական ֆինանսական հիմնադրամների աջակցությունը: Նա իրանցիներին խոստանում է ստիպել ԱՄՆ-ին պատասխան տալ պատժամիջոցների համար, բայց պաշտպանում է միջուկային գործարքի վերականգնումը: