Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին, որը Վիեննայում ղեկավարում է Իրանի բանակցային թիմը, պատասխանել է Ավստրիայի մայրաքաղաքում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցերին:
Նրան խնդրել են մեկնաբանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջին դիտողությունները, որոնց համաձայն՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) պետք է վերականգնվի մինչև Իրանի նոր կառավարության ձևավորումը:
«Գրոսին, հավանաբար, չգիտի Իրանում քաղաքական դինամիզմի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ միջուկային բանակցություններն իր երկրի արտաքին քաղաքականության գերխնդիրն են, և որոշումներն ընդունվում են համակարգի ամենաբարձր մակարդակներում:
Նա նաև նշել է, որ համաձայնության հասնելու համար պետք է բավարարվեն Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, ու լուծվեն հիմնարար խնդիրները՝ լինի դա այս կառավարությունը, թե հաջորդ:
«Պետք է ասեմ, որ մենք այժմ ավելի մոտ ենք համաձայնագրին, քան նախկինում ցանկացած ժամանակ, և մեծ հույս ունեմ, որ այս կառավարությունում էլ համաձայնություն ձեռք կբերվի»,- ասել է Արաղչին:
Նա նաև նշել է, որ բանակցությունների հիմնական խնդիրը ամերիկացիների մոտեցումն է, որոնք ի վիճակի չեն հրաժարվել պատժամիջոցների նկատմամբ իրենց կախվածությունից և միաժամանակ չեն կարողանում հասկանալ, որ դա արդեն ձախողված լուծում է:
Թրամփը չկա, բայց նրա անօրինական պատժամիջոցները դեռ գործում են, ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի հրաժարվել Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունից:
«Ընթացող բանակցությունները շատ բարդ և նուրբ են տեխնիկական խնդիրների տեսանկյունից, բայց համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը»:
Արաղչին շեշտել է, որ ազգային շահը միակ գործոնն է, որը որոշում է բանակցությունների հաջողությունը կամ ձախողումը: