Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է: Այս գիշեր Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Իսրայելական կողմը բացատրում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Գազայի հատվածից օդապարիկների արձակման, որոնք երկրի տարածքում հրդեհներ են առաջացրել, այրվել են գյուղատնտեսական նշանակության հողեր ու անտառներ, հաղորդում է BBC-ն:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ դյուրավառ խառնուրդով օդապարիկները պատասխան են իսրայելցի ազգայնականների Արևելյան Երուսաղեմ կազմակերպած երթին: Պաղեստինցիներն իրադարձությունը համարել են սադրանք և բախվել ոստիկանության հետ, որը նրանց ցրել է ջրցան մեքենաներով:
Այս շաբաթվա օդային հարվածները իրավիճակի առաջին սրումն է Իսրայելի նոր կառավարության օրոք: Անցյալ կիրակի վարչապետի պաշտոնում հաստատվեց աջակողմյան ազգայնական Նաֆթալի Բենեթը, որը փոխարինեց 12 տարի երկիրը ղեկավարած Բենիամին Նեթանյահուին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների բարելավումը: Այս մասին ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: