Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունը:
«Ես կոչ եմ անում Եվրոպական հանձնաժողովին էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Հունիսի 16-ին Բաքվում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատը։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ կալանավորների նկատմամբ հարուցվել են կեղծ քրեական գործեր։
Անցյած շաբաթ Ադրբեջանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման: Նրան ներկայացված կեղծ մեղադրանքում նշված է, թե իբր Էուլջեքչյանը հավաքագրվել է Հայաստանի կողմից Արցախյան պատերազմին մասնակցելու համար, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն է ծավալել Ադրբեջանի դեմ:
Հայ իրավապաշտպան Արման Թաթոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դատավարությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են:
«Այս դատավարությունները հակասում են միջազգային իրավունքի հիմքերին, կոպտորեն խախտում են բանտարկյալների և անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքներն ու բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը: