Սյունիքի մարզում 2020 թվականին Կառավարության կողմից հաստատվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 սուբվենցիոն ծրագիր: Նախահաշվային արժեքը շուրջ 8 մլրդ 483 մլն 861 302 դրամ է: 2020 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով կնքվել են 6 մլրդ 573 մլն դրամի պայմանագրեր:
Ծրագրերի շրջանակում շարունակում է վերակառուցվել և նոր շունչ ստանալ Գորիս քաղաքը: Ասֆալտապատվել են մի շարք փողոցներ, վերակառուցվել և սալիկապատվել են մայթերը: Ներկայումս ընթանում են Վարարակն գետի ափամերձ հատվածների վերականգնման աշխատանքներ:
Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Սուբվենցիոն ծրագրով բոլորովին վերջերս ավարտվել է Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի, Սևյան 1 փողոցի և բազմաբնակարան շենքերի վերակառուցման ու ասֆալտապատման աշխատանքները:
Կարո Ավանեսյան (Սյունիքի փոխմարզպետ) - Այստեղ երկար տարիներ ասֆալտապատում չի եղել, և մենք սուբվենցիոն ծրագրով, պետական ծրագրով, ասֆալտապատումը իրականացրել ենք, 60 տոկոսը Կառավարությունն է ներդրել:
Կառավարություն - համայնք համատեղ ֆինանսավորման ծրագրային հայտի ընդհանուր բյուջեն 128.234.740 դրամ է: Բնակիչները խոստովանում են՝ թաղամասը վաղուց չէր բարեկարգվել:
2020 թվականի բյուջետային տարում 21 սուբվենցիոն ծրագրեր չեն ավարտվել, պատճառը ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունն ու եղանակային անբարենպաստ պայմաններն էին: Սյունիքի մարզում 2021 թվականին Կառավարության հաստատմանն է ներկայացվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շուրջ 25 սուբվենցիոն ծրագրերի սկզբնական հայտեր, ընդհանուր` 7 մլրդ 67 մլն դրամ նախահաշվային արժողությամբ:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան