Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը:
Հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում: Շրջանավարտները կկարողանան աշխատել բնական լեզվի մշակմանը, մեքենայական թարգմանությանը և արհեստական բանականությանը վերաբերող ուղղություններում:
Ծրագրի շրջանակում գործընկերների ընդլայնման, համագործակցային ցանցերի ստեղծման նպատակով բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը և Արտաքին կապերի ու միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը հունիսի 6-11-ը գործնական այցով եղել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և հանդիպել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարության, Կիրառական ու մաթեմատիկական լեզվաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Տեղի է ունեցել առանձին հանդիպում Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Եկատերինա Ռախիլինայի, ԱՐԵՎԱԿ հայերենի կորպուսի համահեղինակ Վլադիմիր Պլունգյանի հետ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման, ասպիրանտական թեզերի համաղեկավարման, ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստման, համատեղ արհեստանոցների ստեղծման ուղղությամբ: