ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախաձեռնությամբ նախօրեին կայացել է լրագրողական հերթական այցը, այս անգամ՝ Հայաստանի հարավային հատվածի՝ Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն ասել է, որ իր համար անընդունելի է բանակի անունը որևէ կերպ շահարկելը:
Նա քաղաքական ուժերին, պահեստազորի սպաներին ու ռազմական փորձագետի անվան տակ ներկայացողներին հորդորել է բանակի անունը որևէ առումով չշահարկել, մարտունակությունը կասկածի տակ չդնել: Ըստ գնդապետ Պետրոսյանի՝ այն հարվածում է պետության անվտանգությանն ու սահմանին կանգնած զինվորին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն էլ ավելացրել է, որ քննադատություններ հաճախ անում են ռազմական կրթություն չունեցող մարդիկ:
«Դուք ինքներդ տեսաք, թե ինչ ծավալի ինժեներական աշխատանքներ են արվում: Կան մարդիկ, գալիս են, խոսում որպես «ռազմական փորձագետ»: Ոչ մեկը չկա, ասի՝ դուք ռազմական կրթություն ունե՞ք, գոնե դասակի հրամանատարի մակարդակի գիտելիք ունե՞ք, որ գալիս եք ու խոսում որպես ռազմական փորձագետ»,- ասել է Ասատրյանը:
Օրեր առաջ, երբ լրագրողներն այցելել էին Գեղարքունիքի մարզի սահմանային հատված, Հայկ Պետրոսյանը կրկին նույն կոչով էր հանդես եկել:
«Խնդրում եմ մեր ողջ հանրությանը՝ բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից, քարոզարշավներից, չշահարկել բանակի, զինվորների այն տեսակը, որը կարող է որոշակի դիվիդենտներ բերել որոշ քաղաքական ուժերի»,- ասել էր գնդապետ Պետրոսյանը: