Հայկական ընտրական ուսումնասիրությունը վկայում է՝ ընտազանգվածը հիմնականում հոռետես է և օտարված: Չնայած սրան, հետազոտությունը փաստում է՝ վարչապետ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ձայների մեծամասնությունը, բայց չի կարողանա ձևավորել միակուսակցական կառավարություն: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան դաշինքը» կլինի երկրորդ տեղում: Հետազոտության հեղինակները եզրակացնում են. հունիսի 20-ի ընտրության արդյունքում լիարժեքորեն չի հաղթահարվի քաղաքական ճգնաժամը, և կարող են ստեղծվել նոր մարտահրավերներ:
Ռաֆայել Օգանեսյան, Նևադայի համալսարանի ծրագրի ղեկավար, 2021 EVN Poll հետազոտության համահեղինակ - Չխորանալով գիտական տերմինաբանության մեջ՝ մեր խնդիրն էր պարզել, թե արդյոք մեր ընտրողներն անտարբե՞ր են, թե՞ օտարված: Եթե ընտրողներն անտարբեր են, ապա նրանց համար միևնույն է, նրանք չեն անհանգստանում, նրանք հեռացել են քաղաքականությունից, չեն ցանկանում լսել ձեր բողոքը, չեն ցանկանում քվեարկել: Եթե ընտրողներն օտարված են, նրանք զայրացած են, կա հիասթափություն, սակայն կուսակցությունները հույս ունեն, որ հնարավոր է իրենց կողմը գրավել այդ ընտրողներին: Հարցերի հարցն է՝ արդյոք հայ ընտրողները անտարբե՞ր են, թե՞ օտարված: Մենք հակված ենք մտածել, որ նրանք ավելի շուտ օտարված են, քան անտարբեր:
Հարցման արդյունքները երեք կարևոր զարգացում են արձանագրում. 1. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վայելում է լայն աջակցություն և ամենավստահելի թեկնածուն է: 2. Ռոբերտ Քոչարյանը որոշակի առաջընթաց ունի և լավ դիրքավորվել է՝ որպես խորհրդարան անցնող երկրորդ ուժ: 3. Մեծ թվով քվեարկողներ կա՛մ չեն կողմնորոշվում՝ ում օգտին քվեարկել, կա՛մ չեն նախընտրում թեկնածուներից որևէ մեկին:
Հարցումն արվել է մայիսի 31-ից, արդյունքներն ամփոփվել են հունիսի 16-ին: Ուսումնասիրությունն անցկացվել է 800 քաղաքացու շրջանում՝ պատահական հեռախոսահամարներ հավաքելու սկզբունքով: Նրանց տրվել է վեց հարց: Ըստ հեղինակների՝ հետազոտության սխալանքի հավանականությունը 3 տոկոս է:
Ռաֆայել Օգանեսյան - Ի տարբերություն 2018 թ., այժմ հնարավոր չէ միանշանակ կանխատեսումներ կատարել, քանի որ բավական մեծ է այն մարդկանց թիվը, որոնք չեն կողմնորոշվել, չեն ուզում մասնակցել ընտրություններին կամ պարզապես չեն պատասխանել:
Այդուհանդերձ, ըստ ուսումնասիրության, Էդմոն Մարուքյանը, Նորայր Նորիկյանը, Արման Բաբաջանյանը և Դավիթ Սանասարյանը համեմատաբար ցածր վարկանիշ են գրանցել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու հնարավորություն գրեթե չունի: Թեկնածուները, որոնք ասոցացվում են նախկին ռեժիմների հետ, ունեն ամենամեծ հակավարկանիշը. Ռոբերտ Քոչարյանը՝ 62 տոսկոս, Գագիկ Ծառուկյանը՝ 67, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 73 և նրանց թվում ամենամեծ դժգոհություն առաջացրածը՝ Արթուր Վանեցյան՝ 76 տոկոս: Վարկանշային ցուցակում ամենաբարձրը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է 35 տոկոս: Էքզիթ փոլի երկրորդ ամենառեյտինգային թեկնածուն Արամ Սարգսյանն է, որը վայելում է հարցվածների 21 տոկոսի համակրանքը:
Վեց հարցից մեկը թեկնածուների ազնվության մասին էր. ամենաազնիվը, ըստ հարցման, Նիկոլ Փաշինյանն է: Այդ կարծիքին է մասնակիցների 30 տոկոսը: Նրանց հաջորդում է Արամ Սարգսյանը՝ 19 տոկոսով, Ռոբերտ Քոչարյանին ազնիվ համարում է հարցվածների 3 տոկոսը: Բայց Քոչարյանը մեկ այլ հարցման առաջատարն է. 36 տոկոսի կարծիքով՝ նա ամենակոռումպացված թեկնածուն է, Փաշինյանն ու Բաբաջանյանը՝ ամենաչկոռումպացվածները՝ 2 տոկոս: Նախկին ռեժիմների հետ ասոցացվող թեկնածուները համարվել են կոռումպացված, հեղափոխության աջակից թեկնածուները՝ քիչ տեղեկացված, բայց ավելի ազնիվ:
Կուսակցությունների մեծ մասը, ըստ ուսումնասիրության, չի հաղթահարի ընտրական շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ձայների 24 տոսկոսը, Հայաստան դաշինքը՝ 12, մյուս ուժերը, հավանաբար, չեն հաղթահարի նվազագույն ընտրական շեմը: Երրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: ՀԱԿ-ը կստանա 1 տոկոս աջակցություն: Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների 30 տոկոսը կողմնորոշված չէ, 6 տոկոսը չի ցանկանում ընտրել առաջադրված ուժերից որևէ մեկին, 8 տոկոսը չի մասնակցի ընտրությանը:
27 տոկոսը կարծում է, որ որևէ մեկը չի կարող դուրս բերել երկիրն առկա ճգնաժամից. Փաշինյանի այլընտրանքը ներկայացնող ուժերն ի վիճակի չեն դա անել: 24 տոկոսը կարծում է, որ Փաշինյանն է լավագույն թեկնածուն, որը կլուծի երկրի խնդիրները, 16 տոոկսն այդ դերում տեսնում է Քոչարյանին: