Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նախընտրական քարոզարշավն ամփոփեց Երևանում։ 12 օրվա ընթացքում հասցրել են լինել մոտ 70 բնակավայրում։
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց՝ համագումարով են ընտրել վարչապետի իրենց թեկնածուին՝ Տիգրան Արզաքանցյանին և չեն պատրաստվում փոխել իրենց որոշումը։ Քաղաքական ուժի անդամները պնդեցին՝ 2018 թվականին տված իշխանության խոստումները չեն իրագործվել, բացի այդ՝ պատերազմում էլ ծանր կորուստներ ենք ունեցել:
Խորհրդարան անցնելու դեպքում պատրաստվում են ճանաչել Արցախի անկախությունը։ Խորացնելու են նաև Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժում է նախկին և ներկա իշխանությունների գաղափարախոսությունը։ Տիգրան Արզաքանցյանը վստահեցրեց՝ իրեն միտումնավոր են փորձում դուրս թողնել ընտրապայքարից։
15-րդ քվեաթերթիկի ներքո հանդես եկող քաղաքական ուժը յուրաքանչյուր ոլորտի զարգացում պայմանավորում է համապատասխան ներդրումներով: Ժողովուրդը պետք է դադարի հույսը կապել նախկին կամ ներկա իշխանությունների հետ, նոր իշխանություն պետք է ձևավորվի տեսանելի արդյունքներ գրանցելու համար: Հենց այս համոզմամբ էլ կուսակցությունը կոչ է անում քաղաքացիներին անպայման մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը: