Քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում հանրահավաքով «Հայաստան» դաշինքն ամփոփում է նախընտրական քարոզարշավը: Բեմում դաշինքի թեկնածուներն են, հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Այնուհետև մեկ րոպե Հանրապետության հրապարակը լուռ է, հարգանքի տուրք է՝ կյանքը հայրենիքի համար զոհաբերած հերոսների հիշատակին:
«Հայաստան» դաշինքի առաջին կին թեկնածուն հայտարում է՝ թիմում մարդիկ են, որոնք ուզում են ուժեղ Հայաստան կերտել, տնտեսությունը զարգացնել, արժանապատիվ խաղաղություն հաստատել:
Աննա Գրիգորյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հայաստան» դաշինք) - Գալիս ենք, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, մեր տուն: Գալիս ենք, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը:
Քարոզարշավը շարունակում է դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը: Վահե Հակոբյանը հայտարարում է՝ եկել են, որ ուղղեն երկրի ողնաշարը:
Վահե Հակոբյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հայաստան» դաշինք) - Մի նպատակ ունենք՝ ապահովել Սյունիքի և Հայաստանի անվտանգությունը:
12 օր քարոզարշավի առաջին օրից շրջել են Հայաստանի տարբեր մարզերում՝ նշում է Իշխան Սաղաթելյանը, հավելում՝ հասկացել են, սա յուրաքանչյուրի պայքարն է, այն ինչ խոստացել են, իրականացնելու են:
«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը դիմում է հանրահավաքի մասնակիցներին: Սկսել են քարոզարշավով, ավարտում են հաղթարշավով:
Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքի ցուցակի 1-ին համար - Հասկացել ենք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: Երկրի առաջ կանգնած է 4 հիմնական խնդիր՝ անվտանգություն, Արցախի հարց, տնտեսություն, ներքաղաքական լարվածություն: Այս իշխանությունն ի վիճակի չէ այս հարցերը լուծել:
Քոչարյանն ամփոփում է խոսքը՝ եկել են վերջ տալու այս ամենին. սա ընտրություն է տնտեսական վերելքի ու արժանապատիվ խաղաղության, համերաշխության ու թշնամանքի միջև: